ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունում կլինեն լուրջ փոփոխություններ:
«Կլինեն ընտրությունները, կտեսնենք, ամեն ինչ կքննարկենք: Չեմ կարող ասել կլինեն, չեմ էլ կարող ասել, որ չեն լինի»,-այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երեւանում ընթացող քայլերթի ժամանակ նշեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է 500 մլն դոլարի ներդրումներին, որոնց մասին խոսել էր օրեր առաջ, նա ընդգծեց. «Եթե ամեն ինչ նորմալ լինի, իսկ ամեն ինչ նորմալ կլինի, կարծում եմ՝ կտեսնենք ներդրումներ: Հիմա այդ ներդրումային ծրագրերն ընթացքի մեջ են: Մենք աշխատում ենք, որ այդ ներդրումներն իրականություն դառնան, համենայնդեպս արդեն մի քանի քայլ անցել ենք, ոնց որ թե այդ ամենը լրջանում է, ինչը շատ ուրախալի է»:
Փաշինյանը ձեռնպահ մնաց նշելուց, թե ինչ գործարաններ են բացվելու. «Թույլ տվեք չասեմ, թե ինչ գործարաններ են բացվելու: Մերձավանում կենցաղային տեխնիկայի արտադրության է բացվելու: Հույս ունենք, որ հեռուստացույցների եւ կենցաղային տեխնիկայի հայկական բրենդը հաջողություն կունենա: Շիրակի մարզում նոր տեքստիլ գործարանի բացման պիտի մասնակցենք: Այդ ոլորտում աշխուժություն կա»:





























