Դեպքեր են լինում, որ տնտեսվարողները ապրանքների գնումների ժամանակ մրցույթ են շահում, բայց մրցույթից հետո մեկ այլ ապրանք են մատակարարում. Օրինակ կարագի մրցույթ են շահում, բայց դրա փոխարեն սփրեդ են մատակարարում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Կամ խթացրած կաթի մրցույթ են շահում, բայց կաթ պարունակող մթերք են մատակարարում: Նրանք անբարեխիղճ մրցակցություն են հանդիսանում եւ մուտքի խոչընդոտ են ստեղծում բարեխիղճ տնտեսվարողների համար»,-ասաց նա:
Շաբոյանը նկատեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեպքեր են լինում, որ պատվիրատուները՝ պետական մարմինները, մրցութային հրավերներով կոնկրետ ապրանքների անուններ են գրում, ըստ որի մրցույթը շահում է այն ընկերությունը, որն արտադրում է կոնկրետ այդ ապրանքը. «Նաեւ դեպքեր են լինում, որ ապրանքի տեխնիկական բնութագրերն այնքան նեղ են գրվում, որ պետական մարմինը էլի մտքում ունի որեւէ կոնկրետ տնտեսվարողի»:
Շաբոյանը նշեց, որ այս տարի 93 խնդրահարույց մրցույթ է բացահայտել:





























