Կառավարության ծրագրում «Ազատ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացին» հատուկ գլուխ է ներառված, որտեղ նշված է, որ Հայաստանի զարգացմանը եւ արժանապատիվ ու երջանիկ քաղաքացի ունենալուն երկար տարիներ խոչընդոտող կարեւորագույն գործոններից մեկն արդարության բացակայությունն էր, ինչն արտահայտվում էր ամենատարբեր ոլորտներում արտոնյալ խավերի, խմբերի եւ անհատների գոյությամբ, օրենքի եւ այլոց իրավունքների նկատմամբ նրանց ամենաթողությամբ եւ անպատժելիությամբ։

Օրենքի առջեւ բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու  առանցքային գործոնը Կառավարության քաղաքական կամքն է։ Կառավարությունը, վայելելով ՀՀ քաղաքացիների ակնհայտ մեծամասնության վստահությունը եւ հանդես գալով նրանց անունից, հաստատում է իր կամքն օրենքի առջեւ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու գործում:

Արդարության զգացումի եւ օրենքի առջեւ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարեւորագույն նախապայմանն անկախ եւ արդյունավետ դատական համակարգի գոյությունն է։ 

Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգի անկախության հիմնական խոչընդոտը եղել են իշխանության օղակներից դատարաններին իջեցվող ապօրինի հրահանգները։ Հրահանգավորման այս մեխանիզմը դատավորներին հնարավորություն է տվել պատասխանատվություն չկրել դատական ակտերի համար, որովհետեւ այդ ակտերը, ըստ էության, կայացվել են իշխանության ամենավերին օղակներում, իսկ դատավորները փաստացի միայն ստորագրել են դրանք։ Կառավարությունը բացառում է իշխանական կամ որեւէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը։ Սրան զուգահեռ, Կառավարությունը պետք է կարողանա նաեւ բացառել դատավորների կողմից անձնական նյութական շահագրգռվածությամբ՝ կաշառքով, առաջնորդվելու հնարավորությունը։

Կառավարությունը համոզված է, որ այս երկու հիմնական, ինչպես նաեւ դատարանների անկախությանը նպաստող այլ պայմանների ապահովումը բնականորեն կհանգեցնի դատական անկախ համակարգի գոյությանը եւ իշխանության ճյուղերի իրական տարանջատմանն ու հավասարակշռմանը։

Կառավարությունը մշակելու եւ կյանքի է կոչելու դատաիրավական բարեփոխումների ծրագիր, որը ներառելու է միջոցառումներ դատական համակարգի մատչելիության եւ արդյունավետության ապահովման ուղղությամբ՝ նորարարական լուծումների միջոցով արդարադատության համակարգի նպատակների իրացմանը նպաստելու համար: Դատարանների  ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու, գործերի քննության ժամկետները կրճատելու, արդարադատության որակն ու մատչելիությունը եւ արդյունավետությունն ապահովելու  նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների գործնական կիրառելության եւ անվճար իրավաբանական օգնության տրամադրման խրախուսման միջոցների ներդրման ուղղությամբ: Միաժամանակ, արդյունավետության ապահովման նպատակով Կառավարությունը նպատակադրված է ստեղծել եւ գործարկել միասնական էլեկտրոնային համակարգ՝ արդարադատության ոլորտում ընդգրկված մարմինների (դատարաններ, դատախազություն, քննչական մարմիններ, ոստիկանություն եւ այլն) համար: 

Արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների եւ գործարար հանրության սպասումներն արդարացնելու եւ գործարար միջավայրի բարելավման նպատակով շարունակաբար պետք է կատարելագործվի դատավարական օրենսդրությունը, հարկադիր կատարման ոլորտում պետք է իրականացվեն բարեփոխումներ՝ ուղղված պարտադիր կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարումը՝ սահմանված պահանջների պահպանմամբ, արդյունավետ, համաչափորեն, սեղմ ժամկետներում եւ կողմերի իրավունքների ապահովմամբ, իրականացնելուն:

Կառավարության նպատակներից է նաեւ վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն նախատեսող օրենսդրական կարգավորումների վերանայումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս կարգավորումները չեն արտացոլում վարչական ներգործության նպատակները: Վարչական տույժը պետք է կիրառվի անձի մոտ իրավաչափ վարքագիծ ձեւավորելու եւ նոր վարչական իրավախախտումների կատարումը կանխելու նպատակներով: Մինչդեռ, իրողությունն այլ է. վարչական տույժերը կրում են մասսայական բնույթ եւ ծառայում են պետական, համայնքային եւ նույնիսկ մասնավոր սուբյեկտների բյուջեների համալրմանը` դրանով իսկ ստեղծելով վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ՝ նպաստելով վերադաս վարչական մարմինների կողմից ի վնաս քաղաքացու կողմնակալ որոշումներ կայացնելու գործելաոճի ձեւավորմանը, ինչն իր հերթին, ի թիվս այլ բացասական հետեւանքների, հանգեցնում է վարչական ակտերի դատական կարգով բողոքարկումների մեծաթվության: Այս առումով, հասարակությունը պետք է դադարի լինել «պատժվածների հասարակություն»:

 Միջոցներ կձեռնարկվեն նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումների եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով գործուն մեխանիզմների ներդրման ուղղությամբ:

Կառավարությունը նաեւ միջոցներ է ձեռնարկելու փաստաբանության, նոտարիատի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, անձնական տվյալների պաշտպանության, էլեկտրոնային արդարադատության ոլորտների զարգացմանը նպաստելու ուղղությամբ:

Կառավարությունը վճռական է նաեւ վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորման հարցում. նշված սկզբունքներից բխում է, որ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիա-լականացման եւ վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը: Այս համատեքստում Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի ազատազրկման այլընտրանք հանդիսացող պատիժների եւ կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների նախատեսման, դրանց գործնական կիրառման համար անհրաժեշտ միջոցների ապահովման ուղղությամբ, ինչպես նաեւ քաջալերի նման միջոցների կիրառումը:

Միաժամանակ, կարեւորելով ազատությունից զրկված անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը՝ պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն ազատությունից զրկված անձանց հիմնական իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդման, պահման պայմանների բարելավման, նրանց տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարձրացման, վերա-սոցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով:

Բոլորի՝ օրենքի առջեւ հավասարության երաշխավորման, խտրականության դրսեւորումների կանխման, ինչպես նաեւ հավասար իրավունքների իրագործման նպատակով Կառավարությունը կներկայացնի իրավահավասարության ապահովման, խտրականության բացառման վերաբերյալ համապարփակ օրենսդրություն, ինչը հնարավորություն կստեղծի յուրաքանչյուր անձին իր խախտված իրավունքների վերականգնման համար օգտվելու արդյունավետ իրավական մեխանիզմներից: