Ադրբեջանական իշխանությունները Խոջալուի իրադարձությունները վերածել են քարոզչադրոշի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հասարակական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ ամեն անգամ Ստրասբուրգում հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ստիպված է լինում գործ ունենալ ադրբեջանական պարանոյայի հետ։ «Ամեն անգամ Ստրասբուրգում մեր սեղանին են դրվում գունավոր ալբոմներ՝ իբր «Խոջալուի ցեղասպանության» զոհերի լուսանկարներով։ Այդ ամենը տպագրվում է Հեյդար Ալիեւի հիմնադրամի կողմից, որը գլխավորում է Ադևբեջանի գործող նախագահի տիկինը՝ Մեհրիբան Ալիեւան, եւ ամեն անգամ մենք տեսնում ենք, որ «ցեղասպանության» զոհերի ցուցակը մեծացել է»,- ասել է Զոհրաբյանը։
Պատգամավորը նշել է, որ հայերի հանդեպ Ադրբեջանում աճող ատելության ֆոնին նա ավելի հաճախ է բախվում «սպիտակ դրոշների», որոնք կախվում են խաղաղության ջատագով տարբեր «վերլուծաբանական եւ հասարակական պլատֆորմներում»։ Այդ ամենն անհանգստացնում է Նաիրա Զոհրաբյանին, եւ նա անգամ մեջբերեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որոնք նա, իհարկե, այլ առիթով էր ասել. «Հանգիստ վեր ընկեք տեղներդ»։ «Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության, եւ դա փաստ է։ Այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն պատրաստ չէ խաղաղության, ոչ մի քննարկում ինձ համար, որպես պատգամավորիի, չկա եւ չի կարող լինել»,- ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հասարակական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Հիշեցնենք, որ 1992 թվականի փետրվարի 26-ի գիշերը հայկական կողմը կազմակերպեց ռազմական գործողություն՝ Խոջալուի մոտ գտնվող օդանավակայանի ապաշրջափակման եւ հակառակորդի կրակակետերը հենց գյուղում լռեցնելու նպատակով, որտեղից 1991-ի գարնանից ԼՂՀ բնակավայրերը պարբերաբար ենթարկվում էին ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, կանոնավոր հրետակոծության «Ալազան», «Կրիստալ» եւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ սարքերից։ Ադրբեջանի իշխանությունները Խոջալու ուղարկեցին ՕՄՕՆ-ի բազմաթիվ ստորաբաժանումներ, բացի այդ, այնտեղ էին տեղակայված Ադրբեջանի Ժողովրդական ճակատի զինյալները։ Ղարաբաղի Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու միջանցք թողեցին, ինչի մասին ադրբեջանական կողմը նախապես զգուշացվել էր։ Բայց խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծվեց Աղդամի մատույցներում, ԼՂՀ եւ Աղդամի միջեւ սահմանին, որն այն ժամանակ գտնվում էր ադրբեջանական ռազմականացված կազմավորումների հսկողության ներքո։ Դա հաստատել է նաեւ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը՝ այս հանցավոր գործողությունը կապելով իշխանությունից նրան հեռացնելու ընդդիմության փորձերի հետ։ Հանրապետության ներկա իշխանությունները փետրվարի 26-ը հռչակել են «Խոջալուի ցեղասպանության» օր՝ այն օգտագործելով հակահայկական քարոզչություն ծավալելու համար։





























