ԱՄՆ-ի պետքարտուղարության պատրաստած եւ 2008 թվականին մարդկանց շահագործման (թրաֆիքինգ) վերաբերող զեկույցի համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառով Հայաստանը չի կարողանում տեղեկանալ Թուրքիա գնացած Հայաստանի քաղաքացիների մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» կայքը: Զեկույցում նշվում է, որ հայ կանանց մարմնավաճառությամբ զբաղվելու համար ավտոբուսներով Վրաստանի տարածքով են Թուրքիա տանում: Ըստ Հայաստանի իշխանությունների եւ հայկական հասարակական կազմակերպությունների, հայ կանանց մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով շարունակում են տանել Թուրքիա: Սակայն թուրքական իշխանությունները չեն հայտնաբերել Հայաստանի ոչ մի տուժյալ քաղաքացու: Իսկ ադրբեջանցի կանանց Թուրքիա բերող հանցախմբերը օգտագործում են Նախիջեւանի ինքնավար հանրապետության սահմանային անցակետը: Այս զեկույցի հրապարակման հետ միաժամանակ Անկարայի ոստիկանութունը կազմակերպված գործողության ընթացքում բացահայտել է մարդկանց առեւտրով զբաղվող մի հանցախմբի: Հետաքննությունը պարզել է, որ մոտ 200 այլազգի բերվել են Թուրքիա, որոնց ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ: