Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Բելառուսի ժամանակակից ողջ պատմությունը, որը նշանավորվել է պետության սոցիալ-տնտեսական զարգացման հաջողություններով եւ միջազգային լայն համագործակցության ձեւավորմամբ, անխզելիորեն կապված է Ձեր անվան հետ:

Հաճույքով եմ հիշում իմ վերջին այցը Բելառուս՝ մասնակցությունը Եվրոպական երկրորդ խաղերի փակման՝ հրաշալի կազմակերպված արարողությանը, բարեկամության եւ փոխըմբռնման մթնոլորտում կայացած մեր բովանդակալից զրույցը, ինչպես նաեւ Բարձր տեխնոլոգիաների պարկ իմ այցելությունը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կիրականացվեն կոնկրետ ուղղություններով փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու մեր պայմանավորվածությունները:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»: