ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արամ Խանզադյանի: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Նախարարը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել իրենից և գումար բռնագանձել։

NEWS.am–ի հետ զրույցում Բաթոյանի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Սարգսյանը հրաժարվեց հայտնել, թե ինչու է Բաթոյանը դատի տվել Խանզադյանին՝ պատճառաբանելով, որ չի ստացել իր վստահորդի համաձայնությունը։

Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 2-ին: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ օգոստոիս 6–ին «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի մասին քննարկմանը միջադեպ էր տեղի ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի և «Կամք» նախաձեռնության անդամների միջև։ Ըստ նախարարի՝ նախաձեռնության անդամները  անպարկեշտ պահվածք են դրսևորել իր նկատմամբ և հանդիպման ավարտին  հրապարակային անձնական վիրավորանք հասցրել իրեն։