Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ պետք է քաղաքական գնահատական տալ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին:

«Ողջունում ենք «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, քանի որ քաղաքական այդ ակտն իր մեջ կրում է քաղաքացիական պայքարի բովանդակություն:

Քաղաքացիական պայքարի յուրաքանչյուր նման դրսեւորում դրական է անդրադառնում մեր երկրում ժողովրդավարության զարգացման վրա:
Անընդունելի ենք համարում քաղաքական ու հասարակական ներկայացուցիչների կողմից հացադուլի կապակցությամբ հնչած արհամարհական կամ զրպարտանք պարունակող հայտարարությունները:

Նմանօրինակ վերաբերմունքը ոչ միայն վարկաբեկում է այդ վարքագիծը կրողներին, այլեւ լուրջ հարվածի տակ է դնում հայաստանյան քաղաքական դաշտում քիչ թե շատ պահպանվող արժեքային համակարգը:

Միեւնույն ժամանակ կոչ ենք անում հայաստանյան քաղաքական ուժերին, կուսակցություններին` այսուհետ, բացի մարդասիրական հորդորներից, նաեւ քաղաքական գնահատականներ տալ նման երեւույթներին:

Անկախ այն բանից, թե հացադուլն ինչ անուն ունի, դասական իմաստով, այն ոչ-բռնի դիմադրության մի մեթոդ է, որով հացադուլավորը քաղաքական բողոքի ակտ է կատարում` սովորաբար խնդիր դնելով հասնել իշխանության քաղաքականության փոփոխությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի