«Ընդդիմության միավորվել-չմիավորվելու խնդիրը իսկապես արհեստական է եւ իսկապես իշխանական քարոզչության մի մասն է: Ակնհայտ է, որ ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ընտրազանգվածները տարբեր են, եւ եթե այդ կուսակցությունների ղեկավարները սխալմամբ որոշեն իրար «միաձուլվել», ապա երեքն էլ կտուժեն: Կարող է լինել ընդդիմադիր հայացքների տեր մարդ, որին խորթ է Կոնգրեսի, պայմանականորեն ասած, «բոլշեւիզմը», եւ որը այդ պատճառով որոշի ձայն տալ «Ժառանգությանը»: Այդ մարդը միավորումից գուցեեւ հիասթափվի եւ ընտրությունների չգնա:

Կամ հնարավոր է` լինի մեկ այլ ընդդիմադիր քաղաքացի, որի ուշքն ու միտքը Ստամբուլը արյան ծով շտապ դարձնելն է, եւ որը դժգոհ կմնա, եթե Դաշնակությունը միավորվի նման ծովի տեսլականը չունեցող ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հետ: Եթե մեկը անկեղծորեն նման միասնություն է փափագում, ապա ավելի լավ է` թող հենց այսօրվանից հույսը կտրի: Դե, իսկ իշխանությունն, իհարկե, ընդդիմության միավորում իրականում չի ցանկանում` չհասկանալով, որ այդ միավորումը իրեն`իշխանությանը, շատ էլ ձեռնտու կլիներ: Բայց պաշտոնական քարոզչության տեսանկյունից, հավանաբար, օգտակար է թվում ամեն մի օր ասել` «Ըհ~ը, չեք միավորվում, ուրեմն` թույլ եք, միակամ չեք, ինքներդ չգիտեք, թե ինչ եք ուզում եւ այլն:  Կա եւս մի պարզունակ հնարք, որը բազմիցս կիրառվել է այս 20 տարվա ընթացքում: Իշխանությունը ապատեղեկատվություն է տարածում, որ Պողոսն եւ Պետրոսը միավորվել են: Բնականաբար, երկուսն էլ սկսում են դա հերքել` զուգահեռաբար տալով իրենց մեկնաբանությունը` «Տո, Պողոսի էլ…», ինչին Պողոսը պատասխանում է` «Տո, Պետրոսի էլ…Կիրակոսինն էլ հետը»: Նման «ռազբորկայից», բնականաբար, իշխանությունը շահում է: Զարմանում եմ, որ մեր հարգարժան ընդդիմադիրները շարունակում են այդ կուտն ուտել»,-իր խմբագրականում գրում է «Առավոտ» օրաթերթը: