Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցող հայ մտավորականների ֆորումը բաց նամակ է հրապարակել ուղղված իշխանություններին ու երկրի քաղաքացիներին, որում առաջարկում է վերցնել Րաֆֆի Հովհաննիսյանի նետած ձեռնոցը եւ  շարունակել նրա հացադուլը:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Քաղաքականությունը բարոյականությանը ստորադասելու քայլն արված է: Րաֆֆի Հովհաննիսյանը` մեզնից մեկը, հայտարարել է, որ ինքը պատրաստ է ինքնազոհաբերվել հանուն հասարակական բարոյականության: Քանզի քաղաքական բարոյականությունը նույն ինքը` հասարակական բարոյականությունն է: Այն, ինչի պակասը այնքան զգալի է հայաստանյան իրականությունում: Ի հեճուկս այն մտքի, ինչը վերջին երկու տասնամյակում ներշնչվում է հայաստանյան հասարակությանը` «քաղաքականությունն ինքնին անբարո է»:

Մարդը քայլ է արել: Ինչ ենք մենք անելու: Մենք` ՀՀ քաղաքացիներս, որոնց մի մասը իշխանություն է կոչվում: Նախագահ է կոչվում, ԱԺ նախագահ է կոչվում, վարչապետ, նախարար եւ զանազան «պետ»-եր` մարզպետ, քաղաքապետ, գյուղապետ, ոստիկանապետ, այլ  «պետ»-եր: 

Մյուսներս` քաղաքացիներս, գյուղացիներս, ուսուցիչներս, բժիշկներս, ուսանողներս, թոշակառուներս, ծառայողներս, զինվորականներս, հոգեւորականներս, առեւտրականներս, օլիգարխներս, աղքատներս, ՀԿ-ներս, գործարարներս, ազնիվներս եւ անազնիվներս: Բոլոր մյուսներս:

Չտեսնելու ենք տալու: Ձեռքներս լվանալու ենք: Պիղատոս ենք լինելու:

Մարդը քայլ է արել: Կարելի է միանալ: Քսան հազար մարդ միացել է նրան` զորակցության ստորագրությամբ: Հարյուր հազարավորներ միացել են նրան հոգով:

Եթե միանանք` կմասնակցենք ինքնամաքրմանը: Ասում ենք` մարդ, դու ձեռնոց ես նետել` մենք վերցնում ենք այն: Դու գնա` մենք մնում ենք:

Առաջին օրը` երեք մարդ: Երկրորդ օրը` երեք այլ մարդ: Երրորդ օրը` հաջորդ երեքը: Չորրորդ օրը` դարձյալ երեք մարդ: Եվ այսպես շարունակ: Հերթով: Ամեն օր: Գրողներ, ուսուցիչներ, առեւտրականներ, ծառայողներ, նախարարներ, «պետ»-եր, դատավորներ, ոստիկաններ, դիվանագետներ, գիտնականներ, պատգամավորներ, բժիշկներ, մարդիկ: Ամեն օր երեք մարդ մեկօրյա հրապարակային ծոմապահություն եւ լռության ուխտ: Նույն վայրում: Հարյուրերորդ օրը դեռ ընդամենը երեքհարյուր մարդ միացած կլինի, բայց երեք հարյուրը երեք հազար է, երեք հարյուր հազար է, երեք միլիոն է: Բոլորս ենք: Հարյուր օրին կգումարվի եւս հարյուր օր: Մինչեւ գանք հանգրվանին: Հանգրվանն ինքը կերեւա:

Դու մեզնից մեկն ես: Մենք դու ենք: Մենք բոլորս ենք ուզում մաքրվել: Մենք բոլորս ենք ուզում փրկվել: Մենք բոլորով ենք ուզում մաքրվել»: