Նյու Յորքում Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ: Հեռախոսազրույցը թաքուն կազմակերպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, այդ պահին Թրամփը սպասում էր գծի վրա:

New Yorker-ը գրում է, որ Մակրոնը փորձել է եռակողմ զրույց կազմակերպել, տեխնիկական մասնագետները սեպտեմբերի 24-ի երեկոյան ՄԱԿ-ի ԳՎ-ի անցկացման վայրի դիմացի փողոցում գտնվող Millennium Hilton հյուրանոցում՝ Ռոհանիի հարկում գտնվող խորհրդակցությունների համար նախատեսված սենյակում, անվտանգ գիծ են տեղադրել: 

Ֆրանսիայի նախագահը հույս ուներ, որ հեռախոսազրույցը հիմք կդնի 1979-ի Իսլամական հեղափոխությունից ի վեր ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահների առաջին հանդիպման համար:

Թրամփը զանգ է ստացել ժամը 09:30-ին, Մակրոնն ընդունել է զանգը, սակայն Ռոհանին այդպես էլ դուրս չի եկել իր համարից:     

«Հեռախոսազանգը գաղտնի է կազմակերպվել: Թրամփը սպասել է մյուս գծի վրա: Իրանի նախագահից պահանջվում էր դուրս գալ իր համարից եւ մտնել անվտանգ սենյակ»,- գրում է պարբերականը:

Աղբյուրների խոսքով՝ Մակրոնը խորհրդականների ոչ մեծ խմբի ուղեկցությամբ «պատասխանի էր սպասում» Ռոհանիի համարի տարածքում:

«Ի վերջո, Ռոհանին հրաժարվել է նույնիսկ դուրս գալ իր սենյակից: Մակրոնը հեռացել է ձեռնունայն, իսկ պարոն Թրամփը մնացել է գծի վրա»,- նշում են աղբյուրները: