Ազգային ժողովում մեկնարկել է «ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծի քվեարկությունը:

Նշենք, որ մինչ քառօրյայի նիստերի օրակարգում ընդգրկվելը, որոշման նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի խորհրդի նիստում: Ավելի վաղ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած որոշման նախագծին դրական եզրակացություն էր տվել:

Այս որոշման նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ հարգում է «Իմ քայլի» կասկածելու իրավունքը:

ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցի քվեարկությանը, քանի որ իրենց կարծիքով փաստաթուղթը թերի է  իրավական հիմնավորումների տեսանկյունից:

Նկատենք, որ այս քվեարկությունից հետո ԱԺ դիմումը կուղղվի Սահմանադրական դատարանին եւ ի վերջո, ՍԴ-ն է վերջնական որոշում կայացնողը:

Նախօրեին Հրայր Թովմասյանը հանդես էր եկել հայտարարությամբ եւ նշել, որ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել է մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: