Կինոն հզոր զենք է, եւ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այդ զենքը չկիրառվի. դա է պատճառը, որ 5-6 տարի առաջ ծիծաղելի գնով վաճառվեցին եւ լուծարվեցին «Հայֆիլմը» եւ հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիան։ Ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Հիշեցնելով, որ «Հայֆիմը» վաճառվեց ընդամենը կես միլիոն դոլարով՝ իր խոսքով, մի քանի սենյականոց բնակարանի գնով, նա ափսոսանք հայտնեց, որ իր կողմից ավելի քան 8 տարի ղեկավարվող հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիան իր հերթին ուղղակի լուծարվեց։

«Բոլոր ֆիլմերը՝ յուրաքանչյուրը 5200 դրամի դիմաց, (գոնե ինձ նման փաստաթղթեր ներկայացրեցին)  փոխանցվեցին «Հ1»-ին։ Դրանք իմ տեղեկություններով այժմ գտնվում են հեռուստատեսության նկուղում։ Նպատակը մեկն էր, որպեսզի Հայաստանում կինո չլինի, որովհետեւ կինոն գաղափարախոսություն է։ Վերջին մեկուկես տասնամյակում Հայաստանում հիմնական գաղափարախոսությունը գաղափարախոսության բացակայությունն է։ Դա իրականացվում էր երեք նախագահների օրոք։ Նրանցից մեկը ազգային գաղափարախոսությունը համարում էր կեղծ կատեգորիա, մյուսը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ ասաց, որ մեզ Ֆելինիներ եւ Փարաջանովներ պետք չեն, իսկ այժմ եթերով վխտում է այն, ինչը վերահսկելու, երիտասարդությանը բռնաբարելու եւ զոմբիացնելու նպատակ ունի։ Դա կինո չէ»,- ընդգծեց կիոռեժիսորը։

Ամփոփելով՝ նա նշեց, որ իր ֆիլմերը Հայաստանում արգելված են եւ դրանք կինոթատրոններում կամ մշակույթի տներում ցուցադրելու բոլոր փորձերն անհաջողությամբ են պսակվում։

Նշենք, որ տարիներ առաջ «Հայֆիլմ» կինոստուդիան վաճառվել էր մասնավորեցման մրցույթի միակ հայտատուին՝ «Արմենիա ստուդիոս» ՓԲԸ-ի տնօրեն Բագրատ Սարգսյանին, որը հանդես էր գալիս Գաֆեսճեան հիմնադրամի անունից: Նա մեկնարկային գնից՝ 267 մլն դրամ, ավելին էր առաջարկել՝ 350 մլն դրամ՝ խոստանալով, որ 10 տարվա ընթացքում պատրաստ է կատարել 30 մլրդ դրամի ներդրում: Նա նաեւ նշել էր, որ 2 տարվա ընթացքում կինոստուդիան ամբողջովին կվերանորոգվի, կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, գրեթե բոլոր ֆիլմերը կթվայնացվեն, կսկսվի կինոարտադրությունը եւ մասնագետներ կուղարկվեն արտասահման՝ վերապատրաստման: