Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակը ամերիկահայերին ուղղված ուղերձ է տարածել, որում կոչ է անում Հայաստանում գտնվող իրենց հարազատներին հորդորել մասնակցել ապրիլի 8-ի ՀԱԿ-ի հանրահավաքին եւ երթին:

Կոչում ասվում է.

«Զանգահարե’ք Երեւանում եւ Հայաստանում բնակվող ձեր բարեկամներին, հարազատներին, ընկերներին եւ ծանոթներին, քաջալերե’ք նրանց մասնակցելու 2011 թ. ապրիլի 8-ին, Երեւանի Մատենադարանին կից հրապարակում անցկացվելիք հանրահավաքին եւ երթին:

Այսօրվա հրամայականն է, որ  սփյուռքում բնակվող հայերը, հեւտեւողական մասնակցություն ունենան ՀՀ քաղաքացիների ազատությունների եւ իրավունքների պաշտպանությանն ուղղված համաժողովրդական շարժմանը, որ անհանդուրժող լինեն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատությունների եւ իրավունքների խախտման ցանկացած դրսեւորման նկատմամբ:

Սիրելի հայրենակիցներ, վերոնշված խնդիրների լուծումը հնարավոր է միմիայն ավազակապետական իշխանությունների հեռացման եւ ընտրությունների միջոցով ժողովրդական իշխանության ձեւավորման դեպքում: Հայաստանի Հանրապետության փաստացի իշխանությունները պարտավոր են ընդառաջ գնալու ՀՀ քաղաքացիների եւ համայն հայության արդարացի եւ օրինական պահանջին` օր առաջ հրաժարվելու մեր հասարակության եւ պետության զարգացմանը խոչընդոտող հակաժողովրդական քաղաքականությունից, սեփական կամքով ժողովրդին վերադարձնելու բռնությամբ վերցված իշխանությունը»: