Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ոչ թե բանտեը լցնել միջին օղակի պաշտոնյաներով, այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք կոռուպցիայի իրական մեղավորներն են:
Հայտարարության մեջ ասվում է.
«Պարոնայք իշխանավորներ, բավական է կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ բանտերը լցնեք միջին օղակի ոստիկաններով, բժիշկներով եւ մանր չինովնիկներով:
Ամենայն հավանականությամբ մամուլից շուտով կտեղեկանանք,որ Սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտից , ձերբակալվել է հերթական չինովնիկը, քանզի Ձեր իսկ մատուցած տվյալներով, այնտեղ տարիներ շարունակ շուրջ 58 000 «մեռած հոգի» ամեն ամիս կենսաթոշակ է ստացել, երկրին հասցնելով միլիոնավոր դոլարների վնաս: Չնայած այս ծանրագույն հանցագործությանը, վերոհիշյալ կառույցի ղեկավարը, Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկը` պարոն Չիչիկով – Խաչիկյանը մինչ օրս ազատության մեջ է:
Մենք հասկանում ենք, որ «մեռած հոգիները» ոչ միայն խողովակ են հանդիսացել հանրության գումարները շորթելու, այլ դուք եւ ձեր խամաճիկները այս հոծ բազմությանը օգտագործել եք նաեւ ընտրակեղծիքներ ապահովելու համար: Այսպիսով, մեկ գնդակով մեկից երկու նապաստակ եք որսացել:
Հանրությանը հայտնի է նաեւ առողջապահության բնագավառում մոտ մեկ մլրդ դրամի հասնող չարաշահումների փաստը, իհարկե սա այն նվազագույնն է, որը արձանագրվել է: Լիարժեք ստուգման պայմաններում այն տասնապատիկ ավելի կլիներ:
Այստեղ հայտնաբերված փաստերը կոծկելու, հասարակությանը շփոթության մեջ գցելու նպատակով, վերջերս երկու տարեց բժշկուհու 30 հազար դրամ վերցնելու կասկածանքով բանտախուց նետեցիք, չսպասելով դատաքննության արդյունքներին, իսկ պարոն Քուշկյանը առ այսօր պաշտոնավարում է: Հիրավի, ձու գողացողին պատժում են, միլիոներ թալանողին հարգալից վերաբերվում:
ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը փաստում է. բավական է շարքային մասնագետներին բանտերը նետելով կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք ստեղծեք: Ժողովրդի համբերությունը սահման ունի:
Հանրապետությունում ծանր սոցիալական վիճակ է տիրում, հասարակության ցասումը կանխելու լավագույն ձեւերից մեկն ել խոշոր կոռուպցիոներների հայտնաբերումն է եւ դատապարտումը:
Ինչպես Ձեզ հայտնի է` ձուկը գլխից է հոտում»:





























