«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հանդեպ քաղաքական վենդետա է իրագործվում. ապիլի 1-ին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից կուսակցությունը նամակ է ստացել, որով իրենց պահանջ է ներկայացվել ազատել կուսակցության գրասենյակի տարածքը։ Ապրիլի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։
Նրա խոսքով, նամակն ստանալուց հետո կուսակցության քաղաքական խորհդի նիստ է գումարվել, որտեղ ամրագրվել է կուսակցության աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։ «Մենք համոզված ենքոր Հայաստանը շատ շուտով կազատագրվի իշխող ռեժիմից, եւ բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ իրենց ծառայություններով սպասարկել են ռեժիմին, չեն խուսափի պատասխանատվությունից։ Համոզված ենք դրանում, որովհետեւ վարչախումբը 13 տարիների ընթացքում չկարողացավ կոտրել ժողովրդի ողնաշարը»,- ասաց Մակեյանը։
Խոսելով իշխանությունների մասին՝ նա համոզմունք հայտնեց, որ վարչախումբը վերջին 13 տարիների ընթացքում այնքան թույլ չի եղել, որքան աժմ։ «Վերջին 3 տարիներին շատ բան է արվում, որպեսզի երկիրն այս իրավիճակից դուրս գա՝ սկսած հայ-թուրքական ձախողված ֆուտբոլային քաղաքականությունից, վերջացրած Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կյանքում կապիտուլյացիայով։ Սակայն իրավիճակը չի շտկվում, երկրում լարվածությունը շարունակվում է։ Դրությունը չեն փրկում Հայաստանի վարչապետի, ԱԳ նախարարի թատրական ներկայացումները, ովքեր փորձում են Արեւմուտքին ներկայանալ իբրեւ ռեֆորմիստական իշխանություններ։ Բայց այս ամենը իմիտացիա է, բլեֆ, որի միակ նպատակը միջազգային հանրության աչքերին թոզ փչելն է»,- համոզմունք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը։





























