Հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների տասնյակից ավել  ընկերություններ մարտի 25-ին եւ 31-ին հայաստանյան բանկային ոլորտի ներկայացուցիչներին ծանոթացրեցին բանկերի համար անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումների հետ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։

Նրանց տրամադրած տեղեկատվության համաձայն՝ iCON Communications, GNC-Alfa, Norq, CQG IMA, Shirak Technologies/SAP, Apaga Technologies, FlexAp, McAfee, EpygiArm, ArmSoft, Lime Tech, CHS Vericell, Damaris, Smart Tech, Alfa/Polycom ընկերություններ բանկերի ներկայացուցիչներին ներկայացրեցին  ցանցային համակարգեր, անվտանգության լուծումներ, հաճախորդների հետ շփումը նորագույն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, փաստաթղթերի կառավարման եւ Էլեկտրոնային արխիվացման լուծումներ, հերթերի կառավարման, բանկային վճարային եւ ինֆորմացիոն տերմինալներ եւ այլ ծառայություններ եւ լուծումներ։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ միջոցառումը մի կողմից կօգնի հայաստանյան բիզնեսին ծանոթանալ տեղի ՏՏ ընկերությունների հնարավորություններին, մյուս կողմից` ՏՏ ընկերություններին կօգնի հասկանալ հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտների կարիքները:

Նշենք, որ այս միջոցառումը իրականացվում էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից իրականացվող նոր նախագծի՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսի համար» շրջանակներում։ Բանկային ոլորտին նվիրված միջոցառումը առաջինն էր, սակայն միությունը նախատեսում է ՏՏ ոլորտի ընկերությունների հանդիպումներ կազմակերպել նաեւ շինարարության, բժշկության եւ դեղագործության, հանքարդյունաբերության, ոսկերչության, առևտրի/պահեստավորման, ապահովագրության, սննդային/ոչ սննդային արդյունաբերության, տրանսպորտի, տուրիզմի, գյուղատնտեսության եւ կրթության ոլորտների համար։

Նախատեսվում է, որ հաջորդ թեմատիկ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին եւ նվիրված կլինի բժշկությանն ու դեղագործությանը: