Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին այսօր հանդես է եկել ուղերձով, որում հայտարարել է վարչապետի պաշտոնից հեռանալու մտադրության մասին, հաղորդում է Al Hadath-ը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Հարիրիին չի հաջողվել համաձայնության հասնել Լիբանանի նախագահ Միշել Աունի եւ խորհրդարանական խմբակցությունների իր գործընկերների հետ՝ կապված կառավարությունում վերադասավորումների հետ, որոնք կբավարարեին Բեյրութում բողոքի ակցիայի մասնակիցների պահանջները:

Երկուշաբթի Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալյամեն CNN-ին հայտնել է, որ հանրապետության տնտեսությունը «կհասնի կոլապսի, եթե հաշված օրերի ընթացքում չգտնվի մի լուծում, որը կվերականգնի պետության հանդեպ քաղաքացիների վստահությունը»:

Սալյամեն նման հայտարարություն է արել երկրում հոկտեմբերի 17-ից շարունակվող հակակառավարական ցույցերի ֆոնին: Ցուցարարները պահանջում են Հարիրիի հրաժարականը, խորհրդարանի ցրումն ու արտահերթ ընտրությունների անցկացումը:

Անցած շաբաթ նրանք մերժել էին երկխոսություն սկսելու Աունի առաջարկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: