Միջազգային հանրության եւ եվրոպական կառույցների վերաբերմունքն ու գործունեությունը Հայաստանի իշխանությունների հետ հիշեցնում են այն գործընթացները, որոնք տարվում են ահաբեկիչների հետ` պատանդների ազատ արձակման հարցում: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
«Նրանք որոշ պատանդների ազատ են արձակում, փոխարենն` ինչ-որ բան ստանալու համար: Սա ապացուցում է, որ քաղբանտարկյալներն իշխանություններին որպես պատանդ են պետք»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը` հավելելով, որ Հայաստանի իշխանություններն ազատ են արձակում որեւէ քաղբանտարկյալի, եւ անմիջապես գովասանքի արժանանում միջազգային կառույցների կողմից:
Ըստ բանախոսի, միայն քաղբանտարկյալների ազատ արձակման դեպքում կստեղծվեն հնարավորություններ իշխանությունների հետ երկխոսելու համար: «Իսկ թե ինչպե՞ս իշխանություններն ազատ կարձակեն քաղբանտարկյալներին, ինչ մեթոդներով, դա նրանց խնդիրն է»,-հայտարարեց Շահնազարյանը:




























