Խորհրդարանում այսօր` ապրիլի 6-ին հյուրընկալվել են տարբեր ոլորտներ ներկայացնող կանայք, ովքեր Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից պարգեւատրվել են Ազգային ժողովի Պատվո մեդալով: Հանդիսավոր պայմաններում մեդալները նրանց է հանձնել անձամբ ԱԺ նախագահը:

Նա իր խոսքում ասել է.

«Երբ իմ նախաձեռնությամբ, որին միացան խորհրդարանի իմ գործընկերները, մենք հայ տոնացույցը լրացրեցինք, իմ գնահատմամբ, կարեւորագույն տոներից մեկով, նշելով «Ընտանիքի օրը», մենք ձեզանից յուրաքանչյուրի, մեր բոլոր մայրերի եւ կանանց կերպարն ենք  նկատի ունեցել` որպես հայ ընտանիքի հենասյուն եւ պահապան:

Այսօր ես իրապես հպարտ  եմ, որ ձեր ջերմությամբ ողողված այս դահլիճում կարող եմ իմ` որպես Ազգային ժողովի նախագահի, որպես հայ տղամարդու երախտիքի խոսքն ուղղել ձեզ, սիրելի կանայք: Անկեղծ լինեմ` ինձ համար այդ բաժանումը` մարտի 8-ից ապրիլի 7, մի քիչ պայմանական է, քանզի մենք հայ մորը, հայ կնոջը պիտի գնահատենք ու արժանին մատուցենք միշտ: Որովհետեւ հայ կինը եղել է, կա, ու ես վստահ եմ, մշտապես լինելու է մեր հոգսերի, մեր ապրումների եւ մեր նվաճումների փարոսը:

Սիրելի կանայք, երբ ես տեսնում եմ, թե հայ կինն այսօր ինչ բարձունքների է հասել մեր երկրի զարգացման եւ առաջընթացի ցանկացած ոլորտում, ես գնահատում եմ այն մեծ եւ անփոխարինելի ներուժը, որ կա յուրաքանչյուր հայ կնոջ մեջ, լինի ուսուցիչ, մշակույթի գործիչ, զինվորի մայր, թե քաղաքական գործիչ: 

Անկեղծ լինեմ, ես մշտապես այն զգացողությունն ունեմ, թե մենք` հայ տղամարդիկս, ինչ-որ բան միշտ պակաս ենք անում մեր մայրերի, կանանց, դուստրերի եւ քույրերի համար, եւ դա վստահաբար այդպես է: Որովհետեւ դուք սերմանում եք մեզանում ներդաշնակություն, համերաշխություն, հանդուրժողականություն, սեր եւ ջերմություն:

Միայն հայ մայրը կարող է թշնամու գնդակից զոհված իր զինվոր որդու մահից հետո ասել, որ հպարտ է, որովհետեւ իր որդին զոհվել է հանուն հայրենիքի: Եւ երբ ես օրեր առաջ լսում էի հայ մոր այդ խոսքերը, կրկին համոզվեցի, որ մենք անպարտելի ենք: Որովհետեւ ունենք նման անձնազոհ մայրեր, ովքեր հաղթահարելով հոգու ցավն ու վիշտը` կարող են նման բառեր ասել:

Շնորհավորում եմ ձեզ Ազգային ժողովի Պատվո մեդալին արժանանալու առիթով, ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպտադեմ, գեղեցիկ ու երջանիկ»:

Հանդիսավոր արարողությանը հաջորդած անկաշկանդ ու ջերմ զրույցի ընթացքում պարգեւատրվածներն իրենց շնորհակալությունն են հայտնել Ազգային ժողովի նախագահին` շնորհավորանքների,  ցուցաբերված ուշադրության, վերաբերմունքի ու գնահատականի համար: Արարողության ավարտին նրանք լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ: