Լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերը քաղաքական դրդապատճառներ ունեն, որոնց նպատակը լրատվական դաշտն ամբողջությամբ վերահսկելի դարձնելն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը` անդրադառնալով «Ժամանակ»-ի եւ մամուլի մի շարք միջոցների դեմ ներկայացված դատական հայցերին: Նա նշեց, որ համապետական ընտրություններից մեկ տարի առաջ զրպարտանքի եւ վիրավորանքի ապաքրեականացմամբ, իշխանությունները մտադիր են մամուլին լռեցնել, ընդհուպ` փակել դրանցից շատերը:
«2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ տպագիր մամուլը հաղթեց հետուստատեսությանը: Ուստի իշխանությունները վախ ունեն, որ 2012 եւ 2013 թվականների ընտրությունների ժամանակ կկանգնեն նույն խնդրի առաջ: Նրանք գլխավոր խմբագիրներին անթաքույց համագործակցության, հովանավորելու առաջարկներ են անում` դատական գործընթացներից խուսափելու դիմաց»,-հայտարարեց Բաբաջանյանը:
Նա նշեց, որ այս մեթոդը կիրառվում է հատկապես այն լրատվամիջոցների դեմ, որոնք առավել անկաշառ են, անվերահսկելի եւ քիչ թե շատ կարողանում են հոգալ հասարակության տեղեկացված լինելու խնդիրը:
Ա. Բաբաջանյանը նշեց, որ այսօր` ապրիլի 7-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ «Ժամանակ»-ի դեմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի կողմից ներկայացված հայցով հանդես եկող փաստաբանն իրականում փաստաբան չէ: Եվ չնայած այս հանգամանքին, ըստ խմբագրի, նա փաստաբանական ծախսերի համար «Ժամանակ»-ից պահանջել է 3 միլիոն դրամ:
«Սա այն դեպքում, որ ըստ օրենքի, եթե իրավաբանական ծառայություն մատուցող անձը` Սարգիս Գրիգորյանը, փաստաբան չէ, չի կարող իր մատուցած ծառայության համար վարձատրվել որպես փաստաբան»,-նկատեց Բաբաջանյանը եւ հավելեց, որ այդ նույն փաստաբանը 3 միլիոն դրամ է ստացել նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված հայցով, իսկ ներկայումս էլ «Հրապարակ» թերթի դեմ ներկայացված հայցով է հանդես գալիս որպես փաստաբան:
«Այս փաստը ցույց է տալիս նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի որակների մասին: Այս մարդը խնդիր ունի քաղաքական օրակարգում տեղ զբաղեցնելու այս միջոցներով, որ մենք, խմբագիրներս, նստենք եւ իր թեման քննարկենք: Նա վենդետա է իրականացնում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իր մասին լավից բացի որեւէ բան կգրեն»,-հայտարարեց «Ժամանակ»-ի խմբագիրը:
Նա նաեւ հավելեց, որ որեւէ մեկը, այդ թվում եւ Քոչարյանը, չի կարող լռեցնել «Ժամանակ»-ին եւ «թերթն անելու է այն, ինչ արել է մինչ այս»:
Նշենք, որ Ռ.Քոչարյանի կինն ու որդին դատի են տվել «Ժամանակ» օրաթերթին` 2010 թվականի սեպտեմբերին տեղ գտած երեք հրապարակումների կապակցությամբ: Հայցվոր կողմը պնդում է, որ յդ հրապարակումները արատավորել են նախկին նախագահի որդու եւ կնոջ պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը:
Թերթը գրել էր, թե նախկին նախագահի տիկին Բելլա Քոչարյանը զբաղվում է դեղագործական բիզնեսով, նրան է պատկանում «911» դեղատների ցանցը, իսկ որդին` Սեդրակ Քոչարյանը ոմն ձեռնարկատերից խլել է առեւտրային կազմակերպություն: Հրապարակումներից մեկի համաձայն էլ` Սեդրակ Քոչարյանը նաեւ ադամանդի հանք է տնօրինում Հնդկաստանում:





























