Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ուղղակի պատասխանատվություն է կրում լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերի հարցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը: Նա նշեց, որ ՄԻՊ-ը ոչ թե պետք է ուղերձ հղեր դատավորներին, այլ կոնկրետ գործողություններ պլանավորեր` Քաղաքացիական եւ քրեական օրենսգրքերում փոփոխություններ մտցնելու նախաձեռնությամբ ԱԺ-ին դիմելու համար:
Ասուլիսին ներկա մեկ այլ թերթի` «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ այս համատեքստում նկատեց, որ ՄԻՊ-ի կոչի հաջորդ օրը դատարանը որոշում կայացրեց արգելանք դնել «Հրապարակ»-ի դրամական միջոցների եւ գույքի վրա` այսպիսով ապտակ հասցնելով ՄԻՊ-ին: Նա եւս ստեղծված իրավիճակի հարցում մեղադրեց Կարեն Անդրեասյանին, նկատելով, թե օրենքում կատարված փոփոխությունների նախաձեռնության հեղինակը նա է, եւ հետեւապես`պետք է միջոցներ ձեռնարկի օրենքը նախկին տեսքին վերադարձնելու համար:
«Ինքն է եփել այս ճաշը, ինքն էլ պետք է օգնի, որ այս վիճակից դուրս գանք: Եթե ինքն ուզում է կայանալ որպես պաշտոնյա, որպես ինստիտուտ, ապա պետք է գոնե այս հարցում կարողանա հասնել իշխանությունների կողմից զիջումների»,-նկատեց Օհանյանը:
Արմինե Օհանյանն եւ Արման Բաբաջանյանը համակարծիք են, որ եթե նշված օրենքում պետք է կատարվեն փոփոխություններ, ապա դրամական տուգանքի չափը պետք է լինի շատ սիմվոլիկ, կամ էլ ընդհանրապես պետք է վերացվի: «Չի կարող այն երկրում, որտեղ մենք պետությունից որեւէ արտոնություն չենք ստանում, պարտավորված լինենք մեկ հոդվածում տպագրված մտքի համար, այն էլ այսպիսի անկատար դատական համակարգի պայմաններում, վճարենք այսպիսի ահռելի գումարներ»,-նկատեց Օհանյանը: «ժամանակ»-ի խմբագիրն էլ առաջարկեց, որ թերթերում տպագրված եւ դատական գործընթացների պատճառ դարձած հոդվածները տպագրվեն այլ թերթերում եւ այսպիսով համերաշխություն հայտնեն լրատվական դաշտի պաշտպանության համար սկսված պայքարին:
Հիշեցնենք, որ մարտի 30–ին դատավորներին ուղղված ուղերձում Կարեն Անդրեասյանը դատավորներին կոչ էր արել, որ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությանն առնչվող դրույթների սահմանման նպատակային նշանակության տեսանկյունից պետք է առավել կարեւորել դրանց հստակ մեկնաբանությունն ու պատշաճ կիրառումը:





























