Երեւանի ավագանու այսօրվա` ապրիլի 8-ի նիստի ժամանակ ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն առաջարկել այնտեղ միտնգներ չանցկացնել: Ավելին, նա դժգոհել է միտինգներից հետո իրենց  «պադեզդների մոտ առաջացած կեղտից»:

«Ազատության հրապարակում պետք է մեկընդմիշտ արգելել որեւէ քաղաքական միջոցառում անցկացնել, մասսայական միջոցառումները պետք է միայն արվեստի վերաբերյալ լինեն,  որովհետեւ արդեն ամոթ ա, մայրաքաղաքը դառել ա չեմ ուզում բառը արտասանեմ»,-ասել է Իգիթյանը: Այս դժգոհությունից ներկաներն անակնկալի են եկել ներկաները, իսկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը  արձագանքել է. «Մեր իրավաբանների հետ կքննարկենք, թե ինչքանով է դա մեր գործառույթը, թե` ոչ ու հաջորդ ավագանու նիստին Ձեզ կտեղեկացնենք»:

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանն ի պատասխան Իգիթյանի  անհանգստության, ասել է. «Զանգվածային միջոցառումների հետ կապված հարաբերությունները  կարգավորվում են սահմանադրությամբ եւ օրենքով, այսինքն որեւէ  սահմանափակում մասնակցելու որեւէ հանրահավաքների, այդ թվում քաղաքական, կարող է լինել բացառապես օրենքով: Նաեւ Ազգային ժողովում կա հավաքների անցկացման մասին օրենքի  նախագիծ եւ այդ հարցերը կարգավորվում են: Տվյալ դեպքում իմ կարծիքով քանի որ Սահմանադրույթամբ կանոնակարգված է, սա այդ դեպքը չէ»: