Երկարատեւ ու տեղատարափ անձրեւները, որոնք Ադրբեջանում չեն դադարում արդեն 10 օր շարունակ, դարձել են երկրի շատ շրջանների հեղեղման պատճառ, մի քանի գետեր դուրս են եկել հունից ու հեղեղել տեղի գյուղերը՝ դրանով իսկ լուրջ վնաս պատճառելով ինչպես տնտեսությանը, այնպես էլ էլեկտրամատակարարմանը։

APA գործակալության հաղորդման համաձայն, գետերի ջրերի ավելացման արդյունքում Խաչմազի շրջանում անձրեւաջրերը հեղեղել են մի քանի բնակավայրեր։ Ղարաչայ, Աղչայ եւ Ալփանչայ գետերի վարարման հետեւանքով շրջանի հարթավայրային տարածքի հազարավոր հեկտարներ դարձել են ոչ պիտանի։ Ջրհեղեղը լուրջ վնաս է հասցրել Ղարաչայ, Իլհիջի եւ Գարխալըղ գյուղերի բնակչությանը։ Բնակության համար ոչ պիտանի են դարձել Գարխալըղ գյուղի 10 տներ։

Ներկայումս իրականացվում են գյուղը հեղեղից փրկելու, ինչպես նաեւ այն տասը ընտանիքների վերաբնակեցման միջոցառումներ, որոնց տները դարձել են ոչ պիտանի։

Ուժգին ջրհեղեղն ու տեղատարափ անձրեւները վնաս են հասցրել նաեւ շրջանի էներգամատակարարման ու կապի համակարգերին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 27-ին սկսված եւ մինչեւ սեպտեմբերի 28-ի առավոտը տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով ջրի մակարդակը բարձրացել է նաեւ այլ գետերում։