Երկու բուհերի`«Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի»  եւ «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի» ռեկտորների պաշտոնակատարները`Դերենիկ Դումանյանն ու Արմեն Մազմանյանը ներկայացրել են իրենց դիմումները ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԳՆ կադրերի բաժնից:

Ի դեպ, դեռ երեկվանից NEWS.am-ը փորձում էր կապվել ԵՊԲՀ նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի հետ` ճշտելու արդյոք դիմում կներկայացնի՞ եւ ո՞ւմ է տեսնում որպես իր գործի շարունակող, բայց նրա հեռախոսհամարը արդեն երկու օր է` անհասանելի է:

Ինչպես գրել էր NEWS.am-ը, «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դեռ երեկ ոչ մի դիմում չկար, թեեւ վերջնաժամկետը ապրիլի 15-ն է: ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնի համար մրցույթը կկայանա ապրիլի 30-ին: Եթե դիմումներ չներկայացվեին, ապա նոր մրցույթ պետք է հայտարարվեր: Երեկ դիմումներ չէին ստացվել նաեւ «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի» ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար (դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 16-ն է, իսկ մրցույթը տեղի կունենա ապրիլի 27-ին): Ռեկտորներին ընտրելու են տվյալ համալսարանի խորհուրդները, որտեղ ընդգրկված են նաեւ ԿԳՆ-ի ներկայացուցիչները:

Նշենք, որ մարտի 9-ից Աշոտյանի համապատասխան հրամաններով «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում» ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել Դերենիկ Դումանյանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` Արմեն Մազմանյանը: