Հայաստանյան դպրոցներում երեխաները պաշտպանված չեն տնօրենների ու մանկավարժների բռնություններից. լրատվությունը շարունակում է հրապարակել նման փաստեր, ոստիկանություններում հարուցվում են քրեական գործեր: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը 1993-ին միացել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիային, իսկ 1996 թվականին ընդունել է Երեխաների իրավունքների մասին օրենքը, որով նրանք պաշտպանված են ցանկացած տեսակի բռնություններից: Նույն օրենքի 22-րդ հոդվածը պնդում է. «Երեխայի պատվի ու արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչներ, պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:
«Մեր ապագա քաղաքացիները մեծանում են ոտնահարված արժանապատվությամբ, լսելի չեն նրանց կարծիքները, տեսակետները:
Որոշ դպրոցներում տոտալիտար կառավարման արդյունքում ձեւավորվող համատարած վախի մթնոլորտը պարարտ հող է ստեղծում շողոքորթներ աճեցնելու համար, իսկ մի այլ տեղ տնօրենների ու մանկավարժների ոչ մասնագիտական գործունեության, նրանց անազնիվ, բարոյական քաղաքացու նկարագրի բացակայության հետեւանքով դպրոցներում տիրող անառողջ մթնոլորտը չի նպաստում երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, որի բացակայությունը մեր երկրի խայտառակությունների պատճառն է:
Ստացվում է, որ երեխաները, ովքեր հրաշալի տեսնում են եւ գիտեն, թե իրենց դպրոցում տնօրենն ինչ կեղծիքներով է առաջնորդվում` հավելագրում է աշակերտներին, բացակայությունները որոշ դեպքում հաշվառվում են, որոշ դեպքերում` ոչ, նայած կաշառքին կամ պրոտեկցիային, ակամա դառնում են կեղծիքի մասնակիցներ: Ահա, թե ինչպիսի խեղված անհատականություններ կարող է հասարակությանը մատակարարել անազնիվ տնօրենն ու մանկավարժը»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը:
«Այս պահին լրատվությամբ տարածված հայտնի մի քանի դեպք` Գյումրիի թիվ 1 դպրոց, հանրապետական տնօրեն` Ջեմմա Ամիրխանյան, Երեւանի թիվ 68 դպրոց, տնօրեն` Սուսաննա Ազիզյան, Էջմիածնի թիվ 2 դպրոց, հանրապետական տնօրեն` Սուսաննա Նազարյան, նրանց նկատմամբ կան հարուցված քրեական գործեր կաշառակերության, կեղծարարության, աշակերտին ծեծելու, հայհոյելու եւ կրթության տեսչության կողմից հայտնաբերված գանձագողության վերաբերյալ, սակայն նրանք շարունակում են հոխորտալ հասարակության վրա, թե մեր դեմ խաղ չկա, որովհետեւ իրենց տերերին լուրջ ծառայություններ են մատուցել ընտրությունների ժամանակ եւ իրենց կերպարներին համապատասխան հովանավորներ ունեն:
Մեր հասարակությունն առաջվանը չէ եւ չի հավատում «Չարի վերջի» կացին չունեցող աղվեսին: Մեր բոլոր ծնողները կրթության պատասխանատուներից պետք է պահանջեն, որպեսզի իրենց երեխաներին կրթեն օրինակելի, բարոյական, քաղաքացիական նկարագիր ունեցող մանկավարժներ, ովքեր կապահովեն նաեւ կրթության որակ, իսկ հակառակն ուղղակի չպետք է հանդուրժեն:
Ահազանգում եմ. Հայաստանում երեխաների կրթության սահմանադրական իրավունքը նման մանկավարժների պատճառով վտանգված է»,- ասված է Բախշյանի հայտարարության մեջ:





























