Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում գիրքը, գրականությունն ու ընթերցողը հայտնվել են երկրորդ պլանում: Ապրիլի 15-ին «Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակներում Շիրակի մարզային գրադարանում հավաքվել են գրադարանավարներ, գրողներ ու ուսուցիչներ եւ փորձել վերլուծել, թե որտեղից ու երբվանից է գալիս գրքի, գրականության ու ընթերցողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ու անուշադրությունը:

«Որքան էլ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանան, չպետք է մոռանանք, որ մենք ամենաառաջին ազգերից ենք, որ կիրառել ենք գրատպությունը, բայց սա չի նշանակում, թե չպետք է խրախուսենք  երեխաների`տեխնոլոգիաներով հետաքրքրվածությունը»,- ասել է քննարկմանը մասնակից ուսուցիչներից մեկը:

Մեկ այլ կարծիքի համաձայն`«միայն գիրքն է, որի առաջ խոնարհվելով` կարելի է բարձրանալ:Մի՞թե կարելի է համացանցի առաջ խոնարհվելով` բարձրանալ: Ինչ էլ որ ասելու լինեն, համաձայն կլինեն բոլորը, որ գրքի հետ անմիջական տաք շփմանը ոչ մի համացանց չի կարող փոխարինել»,-ասել է ՀՀ գրողների միության Շիրակի մարզի նախագահ Անդրանիկ Կարապետյանը: