Լոնդոնի բարձրագույն դատարանը վերջակետ է դրել Ադրբեջանից պետական բանկիրի կնոջ նշանակալի գործում եւ դրանով հանել է Մեծ Բրիտանիա եկած կոռուպցիոներների եւ հանցագործների փողերի ու տների որսի մեկնարկի վերջին խոչընդոտը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Բրիտանացիները դժգոհ են նրանից, որ Լոնդոնը հանգիստ վայր է դարձել կասկածելի կապիտալների համար։ Նրանք իշխանություններից պահանջում էին կարգուկանոն սահմանել, եւ մի քանի տարի առաջ իրավապահ մարմինները անշարժ գույք գնելու միջոցով հանցագործ եկամուտների օրինականացման դեմ պայքարի համար ստացել էին նոր գործիք՝ օրդեր, որը պարտավորեցնում էր 50 000 ֆունտից բարձր գումարի բաժնետոմսեր ունեցողներին ապացուցել, որ դրանք ազնիվ աշխատած փողեր են։
Այժմ այն, վերջապես, ամբողջ ուժով կաշխատի Լոնդոնի Գերագույն դատարանի այսօրվա որոշման շնորհիվ։
Երեք դատարաններ մերժել էին հայրենիքում հափշտակության համար դատապարտված Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահի կնոջ՝ Զամիրա Գաջիեւայի բողոքարկումը։ Հենց նրա համար էր 2018թ․ դուրս գրվել առաջին այդպիսի օրդերը։ Նա այն երկու անգամ բողոքարկել էր դատարանում, սակայն պարտվել էր վերաքննությունը եւ չէր կարողացել վերջին ատյանում դատավարության շարունակության թույլտվություն ստանալ։
Չունենալով եկամուտ՝ Գաջիեւան Լոնդոնում շատ շքեղ էր ապրում, ինչն առաջացրել էր Մեծ Բրիտանիայի հանցավորությոան դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) կասկածը եւ դարձրել էր նրան նոր քարոզչության առաջին աղմկահարույց թիրախը։
Գաջիեւան իրեն Ադրբեջանում անարդար հետապնդումների զոհ է անվանում եւ ասում է, որ ամեն ինչ օրինական է ձեռք բերված։ ԶԼՄ-ներն անդադար գրում են թանկարժեք հանրախանութում նրա միլիոնանոց ծախսերի եւ մասնավոր ինքնաթիռ գնելու մասին։ Այս ծախսերի հանդեպ NCA-ն պահանջ չունի, քննիչներին այս գործում հետաքրքրում է միայն անշարժ գույքը։
Այժմ Գաջիեւան յոթ օրվա ընթացքում նրանց պետք է բացատրություն ներկայացնի իր հարստության մասին։ Եթե նա դա չանի, NCA-ն կխնդրի դատարանին բռնագրավել ունեցվածքը, այնուհետեւ կվաճառի այն։ Ստացված գումարները կգնան Բրիտանիայի բյուջե։
Եթե Գաջիեւան ցույց տա միջոցների օրինական աղբյուր, NCA-ն 60 օր ունի նրա հաշիվներն ուսումնասիրելու համար, որից հետո քննիչները կորոշեն՝ ընդունել եւ փակե՞լ գործը, թե՞ մերժել եւ հասնել բռնագանձման։
Գործի ցանկացած ելքի դեպքում «չհիմնավորված հարստության» (ինչպես նրանց անվանում է նոր օրենքը) տերերին ոչինչ չի լինի, քանի որ անհասկանալի փողերով ձեռք բերված սեփականության բռնագանձումը նրանց մեղավոր չի դարձնում։ Սա քաղաքացիական հետաքննություն է, ոչ թե քրեական, որտեղ ավելի ստույգ ապացույցներ են պահանջվում։
Սակայն, եթե իշխանությունները համարեն, որ օրդեր ստացած մարդը հետաքննության ընթացքում փորձել է մոլորեցնել իրենց, նրանք կարող են քրեական գործ սկսել, որը սպառնում է տուգանքներով եւ երկու տարվա ազատազրկմամբ։
Նոր օրդերները (Unexplained Wealth Orders) տրվում են միայն Գերագույն դատարանի որոշմամբ եւ միայն երկու կարգի մարդկանց՝ քաղաքական հայտնի անձանց, որոնք Եվրոպայից չեն, եւ ծանր հանցագործության մեջ ցանկացած կասկածվողի, անկախ քաղաքացիությունից։
Գաջիեւայի օրդերն առաջին էր, որ տրվել էր 2018թ․։ Երեք նոր գործեր շուտով կհասնեն դատարան։ Ոչ բոլորի անունն է նշվում, սակայն նախկինում NCA-ի ներկայացուցիչները խոստացել էին օրդեր դուրս գրել Աֆրիկայից, Հարավային Ասիայից, նախկին ԽՍՀՄ-ից եւ Ռուսաստանից Բրիտանիա եկած որոշ մարդկանց համար։




























