Գյումրի ժամանած զբոսաշրջիկների համար հուշարձաններ կամ արժեքավոր վայրեր չկան. Գյումրին փորձում են զարգացնել որպես զբոսաշրջության կենտրոն, սակայն առանց հուշարձանների: Այս մասին հուշարձանների օրվա առթիվ իր մտահոգությունն է արտահայտել Գյումրիի «Շիրակ- տուր» կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսան Տեր-Մինասյանը:
«Կարելի է մուգ գույնով, շատ վառ քաղաք կառուցել, իսկ հիմա մենք ունենք բաց գույնով մռայլ քաղաք»,-խոսելով քաղաքի ընդհանուր կոլորիտի մասին ասել է Ալեքսան Տեր-Մինասյանը:
Իսկ ՀՀ քաղաքաշինության մասնագետ, Գյումրիի հատակագծի հեղինակ Սաշուր Քալաշյանը, ով Գյումրիի հատակագիծը նախագծելիս առաջնորդվել է Կումայրի արգելոցի կոլորիտը պահպանելու սկզբունքներով, համոզված է, որ Կումայրի արգելոցից ոչինչ չի մնացել, իսկ քաղաքի դեմքը խեղաթյուրվել է:
Ինչ վերաբերում է Կումայրի արգելոցում հուշարձան կառույցներին, Սաշուր Քալաշյանի կարծիքով` օրենսդրական նախաձեռնություն է պետք, որպեսզի չփոշիանան հուշարձան կառույցները: «Պետք է նախ մարդն իմանա, որ ինքն է հուշարձանի տերը, իր տունը, խանութը, օբյեկտը հուշարձան է»,-ասել է Սաշուր Քալաշյանը:




























