Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ին Վանաձորում կայացած արտագնա նիստում որոշում է կայացրել Լոռին դարձնել «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոն:
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործադիրը հավանություն է տվել Լոռու մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկին:
ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ կառավարությունն իր որոշմամբ Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին, Հաղպատ վանական համալիրները, Ախթալայի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները, Դսեղի «Ծովեր» լիճը, ինչպես նաեւ հարակից Սանահին, Հաղպատ, Օձուն, Դսեղ գյուղական, Ախթալայի եւ Թումանյանի քաղաքային համայնքները հայտարարել է զբոսաշրջության կենտրոն՝ անվանելով «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոն, հաստատել դրա զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները եւ գերակա խնդիրները: ՀՀ էկոնոմիկայի նախարարին վերապահվել է վեցամսյա ժամկետում ապահովել «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը եւ կառավարություն ներկայացնելը:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ժամանակին որոշում էր կայացրել Գյումրին՝ Տեխնոպարկ, իսկ Դիլիջան՝ ֆինանսական կենտրոն հռչակելու մասին, հիմա էլ Լոռին է զբոսաշրջության կենտրոն հռչակում: Թե Հայաստանի որ մարզը կամ քաղաքը կլինի նորահռչակների ցանկում, դեռ պարզ չէ: Մեր տեղեկություններով, ապարանցիներն անհամբեր սպասում են, թե ինչ կենտրոն է հռչակվելու իրենց քաղաքը:



























