Դպրոցների տնօրեններից հետո, ատեստավորման կամ որակի գնահատման քննություն են հանձնելու նաեւ ուսուցիչները, ոչ պետական ուսումնական հաստատությունների եւ նախակրթարանների տնօրենները: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այս որոշումը հարուցել է հատկապես ուսուցիչների դժգոհությունը, ովքեր գտնում են, որ այս տիպի նորամուծությունները վիրավորում է ուսուցչի արժանապատվությունը:

«Նմանատիպ որոշումներ ընդունելով` ԿԳՆ-ն նկատի չի ունեցել մի կարեւոր հանգամանք, որ դա վիրավորական է վաստակաշատ ուսուցչի համար: Որքանո՞վ է արդարացի, որ աշակերտի  հետ միասին պարապի եւ քննության նախապատրաստվի նաեւ ուսուցիչը: Բացի դրանից կա նաեւ մեկ այլ խնդիր, մեզանից շատերը չեն տիրապետում ժամանակակից տեխնոլոգիաներին, ստացվում է կենսաթոշակային տարիքի գրեթե բոլոր մանկավարժները կկորցնեն  իրենց աշխատանքը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Ժաննա Առաքելյանը:

Իսկ Հայոց պատմության ուսուցիչ Անահիտ Գասպարյանի փոխանցմամբ` չի կարելի նորը կառուցել առանց հաշվի առնելու հինը: «Արհամարհում են մեզ, մենք հին, սովետական դպրոցի կադրեր ենք, մեզ համար դժվար կլինի անցնել նոր տեխնոլոգիաների, բայց դա չի նշանակում, որ կորցնելու ենք մեր աշխատանքը»,- ասել է նա:

Գյումրիի Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Սուսաննա Ավետիսյանը վերջերս է հանձնել ատեստավորման իր  քննությունը: Այն ընթացել է 2 փուլով` գրավոր եւ բանավոր: Իսկ նոր կարգն այսպիսին է, 5 տարին մեկ նրանք պարտավոր են  հանձնել քննություն, ստանալ հավաստագիր, ըստ այդմ էլ` գործունեությունը շարունակելու իրավունք: