Չնայած նրան, որ օրակարգում սահմանափակումների թուլացումն է, այնուամենայնիվ, կարող են նոր սահամանփակումներ մտցվել։ Ամեն ինչ կախված է իրավիճակից։ Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

«Մասնավորապես, շուտով կարող է ստորագրվել հանրապետություն մուտքի սահմանափակման մասին նոր որոշում»,- նշել է նա։

Պետնախարարը ներկայացրել է տնտեսական եւ սոցիալական հատվածի միջոցառումները։

Սոցիալական աջակցության մասով նախատեսված են 4 միջոցառումներ՝

1 – այս ընթացքում աշխատանքից ազատվածներին 68 000 դրամի չափով միանվագ աջակցություն կցուցաբերվի,

2- եթե ծնողները չեն աշխատում, ապա յուրաքանչյուր երեխայի համար կտրվի 26 500 դրամ։ Եթե ընտանիքում 4 եւ ավելի երեխաներ կան, ապա անկախ նրանից աշխատում են ծնողները, թե ոչ, յուրաքանչյուր երեխայի համար կտրվի 26 500 դրամ,

3 – եթե ընտանիքում, որտեղ մինչեւ 14 տարեկան երեխա կա, ծնողներից մեկը ազատվել է աշխատանքից, 100 000 դրամի չափով միանվագ աջակցություն կցուցաբերվի,

4- նյութական աջակցություն կցուցաբերվի նաեւ հղի կանանց, եթե ամուսինները չեն աշխատում։

Գյուղատնտեսության աջակցության մասով կիրականացվի 6 միջոցառում, այդ թվում՝

- ջեռուցվող ջերմոցներին կտրամադրվի 1 հեկտարի համար 4 մլն դրամի, չջեռուցվողներին՝ 1 հեկտարի համար 2 մլն դրամի չափով անհատույց աջակցություն։

- կարտոֆիլի եւ բանաջարեղենի աճեցման համար պետական աջակցությունը կմեծացվի մինչեւ 300 000 դրամ։

- բարձրլեռնային շրջաններում տնտեսվարող սուբյեկտներին կտրամադրվեն տնկիներ՝ 0,5-ից մինչեւ 10 հեկտար այգիներ տնկելու համար։