Ճապոնիայի կառավարությունն իր համաձայնությունն է տվել ռեմդեսիվիր հակավիրուսային դեղամիջոցով կորոնավիրուսով հիվանդների բուժման համար։
Ճապոնիան դարձել է երկրորդ երկիրը, որը հավանություն է տվել այդ դեղամիջոցին, այն բանից հետո, երբ ԱՄՆ կարգավորող մարմինները թույլատրել են դրա կիրառումը COVID-19-ով հիվանդության ծանր դեպքերի համար։
Վարչապետ Սինձո Աբեն անցած շաբաթ հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստվում է կանաչ լույս վառել մի փորձնական դեղամիջոցի առաջ, որը մշակվել է ամերիկյան Gilead Sciences ընկերության կողմից։
ԱՄՆ-ում այս դեղամիջոցի հաջողությունն ընդունվել է այն բանից հետո, երբ կլինիկական լայնամասշտաբ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախկինում Էբոլայի բուժման համար ստեղծված ռեմդեսիվիրը երեք անգամ նվազեցրել է որոշ պացիենտների բուժման տեւողությունը։
Ինչ վերաբերում է ճապոնական Fujifilm Toyama Chemical ընկերության մշակած Avigan դեղամիջոցին, ապա ըստ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յոշիխիդե Սուգայի, կառավարությունը մտադիր է այս ամիս այն հավանության արժանացնել, եթե 100 պացիենտների մասնակցությամբ անցկացվող կլինիկական փորձարկումներն արդյունավետ լինեն։
Ֆավիպիրավիր ընդհանուր անվանում ունեցող դեղամիջոցը Ճապոնիայում կիրառելու համար հավանութուն է ստացել 2014-ին, սակայն միայն սովորական դեղամիջոցներով չկանխվող գրիպի բռնկումների դեպքում օգտագործման համար։ Այն անհասանելի է շուկայում եւ կարող է պատրաստվել ու տարածվել միայն Ճապոնիայի կառավարության պատվերով։
Ֆավիպիրավիրը կարելի է ընդունել հաբերի ձեւով, այն արգելափակում է բջջի ներսում վիրուսի բազմանալու հակումը։




























