ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պատրաստվում է դատարանում ցնցող բացահայտումներ անել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն, քաղաքագիտության դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ինքը` Դեմոյանը, որի դեմ Արմեն Այվազյանը դատական հայց է ներկայացրել` իրեն զրպարտելու եւ վիրավորելու համար ու որպես փոխհատուցում  պահանջում է ընդհանուր առմամբ 3 միլիոն դրամ:  

«Ես դատական հայցին վերաբերում եմ այնպես, ինչպես նրա կողմից դատի տրված բոլոր «մեղադրյալները»: Զավեշտականն այն է, որ այս մարդը Ցեղասպանությունը ժխտելու փորձի համար 1 դրամ է ուզում, իսկ իր պատիվը վարկաբեկելու համար 3 միլիոն դրամ»,-նկատեց Դեմոյանը: Նա նշեց, որ Արմեն Այվազյանը, նախօրերք պատրաստված դոսյեյով, վաղուց էր պատրաստվում հարձակում գործել: Ըստ Դեմոյանի`  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գոյությունը բերել է նրան, որ շատերը հայտնվել են լուսանցքում, ովքեր էլ փորձում են հարձակում գործել: Դեմոյանը բացատրեց իր դեմ ներկայացված դատական հայցի էությունը: Ըստ այդմ, մամուլում հրապարակվել է Գեւորգ Յազըճեանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» վերնագրով մեկուկես էջանոց հոդվածը, որում, ըստ Դեմոյանի անձնական բնույթի վիրավորանքներ են հասցեագրվել իրեն, մասնավորապես` ինքը մեղադրվում է գրագողության մեջ: Հոդվածը հրապարակվել է այն ժամանակ, երբ Դոմոյանը գտնվել է գործուղման մեջ: Վերջինս պատասխանել է այդ հոդվածին`այն համարելով «Ա. Այվազյանի դրդմամբ գրված»:

Դեմոյանի խոսքով` իրեն եւ Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտը վարկաբեկելու նպատակ ունեցող արշավը շարունակություն է ունեցել, այս անգամ` հեռուստատեսության մակարդակով. ԱՄՆ-ի «Վերադարձ» հեռուստահաղորդման ժամանակ, Դեմոյանի հասցեին հնչեցվել են հերթական վիրավորանքները: Դեմոյանը նույն հաղորդման միջոցով արձագանքել է իր հասցեին հնչեցված մեղադրանքներին:

«Առաջինը կարմիր գիծն իրենք են խախտել, եւ մենք ստիպված ենք արձագանքել իրեն»,-նկատեց Դեմոյանը: Նա նաեւ նշեց, որ չի պատրաստվում պատասխան հայցով հանդես գալ Այվազյանի դեմ: «Ես այնքան զբաղված եմ, որ չեմ կարող ճղճիմ բաների մեջ մտնել: Բացի այդ` ես չեմ կարող այդ մակարդակի մարդու մակարդակին իջնել, քանի որ գիտնականը միայն պետք է զբաղվի գիտական աշխատանքով, այլ ոչ թե մեկի մյուսի հետեւից ընկնելով իր համար հեղինակություն ստեղծի: Դատի տալն ու որեւէ մեկի դեմ ստորագրահավաք սկսելը իր սիրած ժանրն է, սակայն ինձ սա չի վախեցնում, ինչպես նաեւ չի վախեցնում իր դատական հայցը»,-նկատեց Դեմոյանը:       

Հիշեցնենք, որ Արմեն Այվազյանը դատական հայցում խնդրում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին Հայկ Դեմոյանին պարտավորեցնել վճարել 1 մլն դրամ որպես իրեն հասցված վիրավորանքների դիմաց փոխհատուցում եւ 2 մլն դրամ` որպես փոխհատուցում հայցվորին զրպարտելու դիմաց: Հայցում նշվում է, որ վիրավորանքները հնչել են 2011 թվականի մարտի 30-ին ԱՄՆ-ի «Վերադարձ» հեռուստահաղորդման հեղինակ Հարութ Բռոնոզյանի հետ հարցազրույցի ժամանակ, ինչպես նաեւ ապրիլի 12-ին hetq.am կայքում հրապարակված հոդվածում, որը վերնագրված է «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները. Ցավակցական նոթեր Գեւորգ Յազըճեանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» գրության շուրջ»:

Ըստ հայցի` հաղորդման ընթացքում եւ հոդվածում Դեմոյանն Այվազյանին հասցրել է մի շարք վիրավորանքներ եւ զրպարտել է նրան՝ անվանելով «խառնակիչ», «սնափառության մոլուցքով տառապող մարդ», «ոհմակի ղեկավար», «պետական հանցագործ»: