«Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում ստեղծված նախընտրական իրավիճակը գյուղի բնակիչներին Սարոյան եղբայրների մասին պատմող ֆիլմն է հիշեցնում` փոքր-ինչ այլ ենթատեքստով: Բանն այն է, որ գյուղապետի պաշտոնի համար ընտրապայքարի մեջ են մտել Միսակյան եղբայրները»,-տեղեկացնում է «Ժամանակ»-ը` շարունակելով. «Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ եղբայրները իրենց թեկնածությունը դրել են 3-րդ թեկնածուի ձայները խլելու համար: Այնինչ, երբ անձամբ ծանոթացանք ստեղծված իրավիճակին` ճիշտ հակառակ պատկերը ստացանք: Երկու եղբայր միմյանց դեմ մրցակցում են դեռ 2004թ.-ից, ընդ որում` այդ ընտրապայքարում 3-րդ թեկնածուի բացակայությամբ:
Գործող գյուղապետ Նշան Միսակյանը մեզ հետ զրույցում այս տարիների ընթացքում կատարված աշխատանքներից խոսելիս առանձնացրեց գազաֆիկացման աշխատանքները, ինչի արդյունքում գազը մտել է գյուղ, եւ բնակչության 70 տոկոսն արդեն ցանկանում է տները գազաֆիկացնել: Իսկ վերընտրվելուց հետո, ինչպես նշեց, ձեռնամուխ կլինի մանկապարտեզի խնդիրը լուծելուն, որը կապիտալ վերակառուցման կարիք ունի: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում եղբոր ընտրվելու հնարավորությունները` պատասխանեց. «Ինքը լավ շանսեր ունի, անցյալ ընտրություններում իմ կես չափով ձեն տարավ: Միսակյան Ամասիկը ամեն անգամ էլ դնում է, բայց այս անգամ 3-րդն էլ ունենք: Պատասխանելով ձեր հարցին` նշեմ, որ երկուսին էլ մրցակից համարում եմ, բայց համոզված եմ, որ նախորդ ընտրությունների օրինակով 800 ձայն կհավաքեմ: Իսկ կուսակցությունից ընտրությունների մասով հանձնարարականներ չեմ ստացել»:
Ամասիկ Միսակյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իր թեկնածության առաջադրման միակ նպատակը ազգաբնակչության շրջանում հավատի վերականգնումն է: «Ցանկանում եմ արդարության նկատմամբ հավատը վերականգնել, որ ե՛ւ ղեկավարությանը նորմալ ձեւով ընդունեն, ե՛ւ վերադասին: Իսկ այսօրվա գյուղապետերի անարդարությունը տարածվում է նաեւ վերադասների վրա»,- ընդգծեց Ամասիկ Միսակյանը:
Երբ նրանից փորձեցինք ճշտել, թե իր եղբայր գործող գյուղապե՞տն էլ արդար չի աշխատում, ասաց. «Այո, նա էլ ազնիվ չի աշխատում: Եթե ազնիվ աշխատեր, ես բարոյական իրավունք չէի ունենա, որ իմ թեկնածությունը դնեի: Սակայն գյուղի եւ ժողովրդի առաջ ծանրացած, նեղ եւ ողբալի իրավիճակից ելնելով` ես իմ թեկնածությունն եմ առաջադրել»:





























