2009 թվականին կարկտահարության հետեանքով հանրապետությանը հասցվել է 1,9 մլրդ դրամի վնաս, այն  դեպքում, երբ 2010-ին վնասի չափը կազմել է 4,2 մլրդ դրամ։ Մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

«Մթնոլորտի եւ մթնոլորտային վտանգավոր երեւույթնորի դեմ պայքարի արդյունավետ համակարգեր չունենալու հետեւանքով վերջին մի քանի տարիներին Հայաստանի գյուղատնտեսությունը միլիարդավոր դրամների վնաս է կրել»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ անցած տարի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է  կարգադրություն, որով հաստատվել է Հայաստանում մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգը։

ԱԱԽ քարտուղարն ընդգծեց, որ այդ հայեցակարգով պայմանավորված՝ 2011-2015 թվականների համար մթնլորտային երեւույթների դեմ պայքարի գործուն համակարգ եւ հստակ պետական ծրագիր է պետք մշակել։ «Մեր կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ երկրում բացակայում է կարկտահարության ենթակա տարածքների միասնական ռեգիստրը եւ տեղեկատվական բազան։ Բացի այդ, մենք առաջարկում ենք, որ սկսեն կիրառվել ժամանակակից տեխնոլոգիաներ, լրջագույնս ուսումնասիրվի միջազգային փորձը։ Արդիական է հատկապես համապատասխան կադրերի պատրաստման հարցը։ Մենք ԱԻՆ-ին առաջարկում ենք Ճգնաժամային կառավարման ակադեմիայում հատուկ դասընթացների միջոցով եւ եվրոպական փորձի ուսումնասիրմամբ ներդնել կադրերի պատրաստման միասնական համակարգ»,- նշեց Արթուր Բաղդասարյանը։

Նա նաեւ ավելացրեց, որ եթե խորհրդային  տարիներին Հայաստանում գործում էր 12 ռադիոլոկացիոն կայան, ապա այժմ գործում են դրանցից միայն երկուսը։ «Աղետներին դիմագրավելու համար պետք է աստիճանաբար վերազինել մնացած 10 կայանները եւս»,- կարեւորեց Բաղադասարյանը։

Խորհրդակցությանը ներկա ԱԻ նախարար Արմեն Երիցյանն իր հերթին ավելացրեց, որ ժամանանակից ռադիոլոկացիոն մեկ կայանն արժե 480 մլն դրամ։ «Հակակարկտային սարքեր գնելու համար մենք այս տարի ունենք ընդամենը 280 մլն դրամ։ Այդ սարքերը տեղադրելու ենք Հայաստանի տարածքում գործող երկու կայանների մոտ, որոնք փակում են միայն Արագածոտնի, Արարատի, մի փոքր էլ Լոռու մարզերը։ Եւս մեկն անհրաժեշտ է Շիրակի մարզի համար»,- ամփոփեց նա։