Թերթը գրում է, թե Արցախում, ռազմաճակատի առաջին գծում թուրք-ադրբեջանական դիպուկահարների կողմից միայն վերջին օրերին երեք հայ զինծառայողի սպանության, եւս մեկ զինվորականի վիրավորելու ելուզակությանը անպայման պետք է հակադարձել։ Վստահ ենք, որ մեր շատ հայրենակիցներ համակարծիք կլինեն այդ տարբերակին։
Հակադարձել ասելով՝ ամենեւին նկատի չունենք պետական կառույցների կամ քաղաքական ուժերի հայտարարությամբ հանդես գալը կամ միջազգային հանրությունից, Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պահանջելը, որ համապատասխան գնահատական տան կոնկրետ ադրբեջանական իշխանությունների անմիջական հրամանով իրականացվող նախահարձակ եւ ստոր գործողություններին։ Դրանք քայլեր են, որ ինքնըստինքյան պետք է կատարվեն։
Հակադարձել ասելով՝ մենք բնականաբար նկատի ունենք ադրբեջանական զինուժի դեմ կոնկրետ «հատուցման ակտ» կամ «պատժիչ գործողություն» իրականացնելը։ Այնպիսի գործողություն, որով թշնամին մարդուժի առնվազն տասնապատիկ կորուստ կունենա, որքան շատ, այնքան՝ լավ։
Հայտնի բան է. երբ թշնամին չի հանձնվում, մեր պարագայում՝ չի հանդարտվում, նրան ուղղակի ոչնչացնում են։ Ի լրումն դրա, մեր պատմությունն ու հենց Արցախի ազատամարտը, Հայաստանի սահմանների ինքնապաշտպանության ընթացքը ապացուցել է այն պարզ ճշմարտությունը, որ թուրքը հասկանում է միայն ուժի «լեզուն»։
Սա զգացմունքների արտահայտման կամ զգացմունքային ընկալման խնդիր չէ։ Հակառակը, այս հարցում հնարավորինս պետք է զսպել զգացմունքները եւ պատասխան պատժիչ գործողությունների դիմել, ինչպես ասվում է` հակառակորդին պարտադրելով հետագա խաղաղ վարքագիծ։ Ընդհանրապես սա ոչ այնքան հրապարակավ խոսելու, որքան գործելու եւ կատարված փաստի առաջ կանգնեցնելու խնդիր է։
Ինչպե՞ս է վարվում, օրինակ, Իսրայելը։ Սպանվե՞լ է մեկ հրեա զինվոր կամ թեկուզ քաղաքացիական անձ, պատասխան հարվածը երբեք չի ուշանում։ Մենք էլ պետք է նույն կերպ վարվենք։ Իսկ եթե զանազան միջնորդները, եահկ-մեահկները շատ են ուզում վերականգնել անդորրը, ապա թող գնան ալիեւներին համոզեն։
Անշուշտ առաջին անգամ չէ, որ ռազմաճակատի գծում (հենց ռազմաճակատի գծում, այլ ոչ թե՝ «շփման», ինչպես հաճախ ասվում է) հայ զինվորականներ են զոհվում՝ թշնամու նախահարձակ՝ դիվերսիոն գործողությունների կամ դիպուկահարների կրակոցների հետեւանքով։ Բայց այլեւս բավական է։ Եվ հենց նախորդ դեպքերում, ինչ-որ տեղ նաեւ բանակցային գործընթացը չվտանգելու, զինադադարի հարաբերական ու առանց այն էլ փխրուն վիճակին հավելյալ լարվածություն չհաղորդելու գիտակցումից եւ մոտեցումից բխող մեր զուսպ կեցվածքն է նաեւ, որ նորանոր զոհերի պատճառ է դառնում, գրում է «Հայոց աշխարհը»։





























