Գերմանիան 20 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի Հայաստանին երկու երկրների միջեւ ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ֆինանսական համագործակցության մասին» Գերմանիայի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ Համաձայնագրի վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ վարկային ռեսուրսները կկառավարի Հայ-գերմանական հիմնադրամը (CIZ), որը երկրի կոմերցիոն բանկերի միջոցով կվերաֆինանսավորի գյուղատնտեսության, փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ մասնավոր-հիփոթեքային վարկավորման ոլորտում նախագծերը:
«Վարկ ստացողը կլինի Կենտրոնական բանկը, որն էլ իր վրա կկրի այդ պարտքի կառավարումը: ԳԴՀ կառավարության ֆինանսական միջոցները կտրամադրվեն KfW բանկի միջոցով: Այդպիսով, կառավարական պարտքի վրա վարկը որեւէ բեռ չի հանդիսանա»,-պարզաբանեց Հայրապետյանը:
Վարկային ռեսուրսներից բացի՝ նախատեսված է նաեւ տարբեր դրամաշնորհների ներգրավում: Մասնավորապես, աջակցության ծրագրի համար կտրամադրվի 750 000 եվրո: Նույնքան կտրամադրվի Ախուրյան գետի ջրջրի արդյունավետ կառավարման բարձրացման հարցով վարկային ծրագրի իրականացման ժամանակ հնարավորությունների ավելացմանը: Բացի այդ, նախատեսված են նաեւ այլ դրամաշնորհային ծրագրեր:
Ընդ որում, ինչպես նշեց ֆինանսների նախարարի տեղակալը, շրջանակային համաձայնագիրը պետք է վավերացնի ԱԺ-ն 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ, իսկ ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը պետք է ապահովվի մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
Արմեն Հայրապետյանը նաեւ նշեց, որ ծրագիրը բաղկացած է 3 բաղադրիչներից՝ տեխնիկական աջակցություն, վարկ եւ CIZ նախագծերի ֆինանսավորում:
Քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց:





























