2011 թ. առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 2 տոննա բնական մեղր։ Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեից։

Նույն այդ ժամանակահատվածում ներմուծել ենք 250 կգ բնական մեղր։

Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանից մեղրի արտահանումն ունի ավելացման միտում։  Այսպես՝ 2010 թ. արտահանվել է ընդհանուր առմամբ 10 տոննա մեղր՝ 2009 թ. 4 տոննայի համեմատ։ Այս տարի կրկին սպասվում է մեղրի արտահանման աճ, քանի որ մինչ «մեղվաքամի» շրջանը 2 տոննայի արտահանումն  արդեն իսկ աննախադեպ բարձր ցուցանիշ է։

Թեեւ հայկական մեղրն ընդհանուր առմամբ բարձրորակ է՝ արտահանման արժեքը զգալիորեն ցածր է։ Այսպես՝ այս տարի մեղրն արտահանվում է 1 կգ-ը 4 դոլարով (մոտ 1500 դրամ)։ Մաքսային հայտարարագրերում ձեւակերպված այս արժեքը իրականության հետ ոչ մի կապ չունի, եւ 2 անգամ ցածր է նախորդ տարվա գներից։ Հայաստանի ներքին շուկայում նույնիսկ անորակ մեղրն այդ գնով չի վաճառվում։ Չենք կարծում, որ որեւէ երկիր թույլ կտա շաքարակալած մեղր ներմուծել, ուստի արտահանվող մեղրի մաքսային արժեքն ակնհայտ ճշգրտման կարիք ունի։

Փոխարենը՝ չափազանց բարձր է ներմուծվող մեղրի մաքսային արժեքը՝ 2011 թ. այն կազմել է 16 դոլար 1 կգ-ի դիմաց։ Սա իր հերթին կրկնակի բարձր է նախորդ տարում ներմուծված մեղրի մաքսային արժեքից։ Պատճառն այն է, որ այս տարի մեղր ներմուծվել է բացառապես Գերմանիայից, իսկ նախորդ տարիներին ներմուծվում էր նաեւ Ռուսաստանից։ Թե ինչ նպատակներով է ներմուծվում այս թանկարժեք մեղրը՝ առայժմ հայտնի չէ, քանի որ նույնիսկ տեղական օլիգարխները չեն խորշում հայկական մեղր ուտելուց, այն լավ համարում ունի նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում։

Բոլոր դեպքերում՝ հայկական մեղվաբուծությունը զարգացում է ապրում։ Մասնագետների կարծիքով՝ մեղրի արտահանման մեծ պոտենցիալ կա, քանի որ եվրոպական շուկան ներկայում լցված է չինական արտադրության էժան, սակայն անորակ մեղրով։ Հայաստանի ներքին շուկայի պահանջարկը մեղրի նկատմամբ կարելի է գնահատել մոտ 3000 տոննա (1 շնչի հաշվով տարեկան 1 կգ-ին մոտ)։ Սակայն պետք է հաշվի առնել, որ մեղրի սպառումն ավելանում է կենսամակարդակի բարձրացմանը զուգահեռ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղվաընտանիքների թիվն անընդհատ աճի միտում ունի, եւ արդեն գերազանցում է 200 հազարը, իսկ դա իր հերթին թույլ է տալիս 4-5 հազ. տոննա մեղր արտադրել, Հայաստանի համար արտահանման շուկաների փնտրտուքը էական նշանակություն է ձեռք բերում։

 

Սամվել Ավագյան