Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեին հրավիրել է այցելել Հայաստան:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարներ Նալբանդյանն ու Ժյուպեն արձանագրել են, որ մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումներն համընկնում են:
Նրանք քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները եւ այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը, մտքեր փոխանակել միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ֆրանսիական համագործակցության շուրջ, անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը:
Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտվել է հիմնահարցի խաղաղ եւ բանակցային լուծման այլընտրանքի բացակայությունը: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի կառուցողական ներգարավվածությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Մայիսի 17-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Հանդիպմանը քննարկվել է այս տարվա երկրորդ կեսին նախատեսված՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան այցելության, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցի նախապատրաստմանն առնչվող հարցեր:
Այսօր` մայիսի 18-ին նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամների հետ:





























