Facebook-ի ֆրանսիական դուստր-ընկերությունը համաձայնել է վճարել ավելի քան 100 միլիոն եվրոյի չվճարված հարկերը, ներառյալ տուգանք՝ ֆրանսիական հարկային մարմինների կողմից իր հաշիվների տասնամյա ստուգումից հետո, հայտնում է Reuters-ը:
Ֆրանսիան, որը պնդում է վերանայել միջազգային հարկային կանոնները թվային ընկերությունների համար, ինչպիսիք են Facebook-ը, Google Alphabet-ը, Apple-ը եւ Amazon-ը, ասում է, որ խոշոր տեխնոլոգիական խմբերը շատ քիչ հարկեր են վճարում:
Միջազգային գործող կանոնները իրավաբանորեն թույլ են տալիս ընկերություններին տեղական եվրոպական շուկաներում կատարված վաճառքները ուղղել իրենց տարածաշրջանային գրասենյակներ: Մի քանի տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում՝ Facebook-ը, եվրոպական կամ միջազգային կենտրոնակայաններ ունեն համեմատաբար ցածր կորպորատիվ հարկերի դրույքաչափեր ունեցող երկրներում, օրինակ՝ Իռլանդիայում:
Facebook-ի ներկայացուցիչն ասել է, որ Ֆրանսիայի հարկային մարմինները ստուգել են իրենց հաշիվները 2009 եւ 2018 թվականների ընթացքում, որի արդյունքում դուստր-ընկերությունը համաձայնել է, ընդհանուր առմամբ, վճարել 106 միլիոն եվրո:
Facebook-ի ներկայացուցիչը համաձայնագրի մանրամասներ չի ներկայացրել: Ֆրանսիայի հարկային վարչությունը նույնպես մանրամասներ չի հայտնել:
Facebook-ի ներկայացուցիչը նաեւ ասել է, որ 2018 թվականից ընկերությունը որոշում է կայացրել իր տարեկան հաշվետվության մեջ ներառել Ֆրանսիայում գովազդի վաճառքը:
Facebook-ի ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը Ֆրանսիայում 2019 թվականին վճարել է 8,5 միլիոն եվրո եկամտահարկ, ինչը գրեթե 50%-ով ավելին է, քան մեկ տարի առաջ:
«Մենք լուրջ ենք վերաբերում մեր հարկային պարտավորություններին, վճարում ենք այն հարկերը, որոնք մենք պարտք ենք բոլոր շուկաներում, որտեղ մենք աշխատում ենք, եւ սերտորեն համագործակցում ենք ամբողջ աշխարհի հարկային մարմինների հետ»,- ասել է նա:




























