Հայաստանում մեկնարկել է պետական ինովացիոն GovTech Launchpad ծրագիրը: Ծրագրի նպատակը հասարակական խնդիրների նորարարական լուծումներ ստեղծելն է` հասարակական հատվածի եւ ստարտափների միջեւ կապ ձեւավորելու միջոցով: Ծրագրի շրջանակներում ստարտափները պետք է առաջարկեն տեխնոլոգիական լուծումներ, որոնք կաջակցեն հայրենադարձներին եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներին, ովքեր նոր են որոշել վերադառնալ իրենց պատմական հայրենիք: Ներկայացնելով ծրագիրը՝ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ դրա նպատակը հայրենադարձության գործընթացում նոր տեխնոլոգիաների ներգրավումն է:

Նա նշեց, որ GovTech Launchpad-ը շատ հետաքրքիր ծրագիր է, իսկ դրա իրականացումը ծայրահեղ օգտակար կլինի երկրի համար: «Մենք հազվագյուտ ժողովուրդ ենք, այն տեսակետից, որ մեր երկրի բնակչությունը համեմատաբար փոքր է, բայց մենք ունենք մեծ սփյուռք: Այդ իսկ պատճառով մեզ համար գերակա խնդիր է այնպիսի պայմանների ստեղծումը, որ մեր հայրենակիցների մեծ մասը գերադասի ապրել իր պատմական հայրենիքում՝ միանալով մեր պետության զարգացմանը եւ այնպիսի երկրի կառուցմանը, որի մասին մենք բոլորս երազում ենք»,- ասաց Սինանյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարության ռազմավարական նպատակը մինչեւ 2050 թվականը 5 մլն բնակչություն ապահովելն է: Հույս հայտնելով, որ նշված ժամկետին հնարավոր կլինի հասնել ավելի տպավորիչ ցուցանիշներով, Սինանյանն ընդգծեց, որ դրված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել հայրենադարձության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: «Մենք ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, որը ստեղծում է հնարավորություններ, որոնք նախկինում գոյություն չունեին»,- ասաց նա: Սինանյանը հավելեց, որ այս ծրագիրը կոչված է ներգրավելու ընկերություններին, կազմակերպություններին եւ մասնավոր անձանց` որոնելու տեխնոլոգիական լուծումներ, որոնք թույլ կտան պարզեցնել եւ հեշտացնել հայրենադարձության գործընթացը:

«Մենք մեծ հույս ունենք, որ միասին աշխատելով՝ կկարողանանք հասնել այդ նպատակին»,- եզրափակեց Սինանյանը: Նշենք, որ ծրագրի իրականացմանը ֆինանսական աջակցություն կտրամադրի Միջազգային համագործակցության գերմանական GIZ ընկերակցությունը, իսկ Սոցիալական ինովացիաների եւ ձեռներեցության զարգացման կենտրոնների միջազգային Impact Hub ցանցի հայկական ներկայացուցչությունը կտրամադրի տեխնիկական աջակցություն: