GovTech Launchpad ծրագրին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ օգոստոսի 31-ը: Ծրագրի մեկնարկի կապակցությամբ այս մասին այսօր ասաց Սոցիալական ինովացիաների եւ ձեռներեցության զարգացման կենտրոնների միջազգային Impact Hub Yerevan ցանցի հայկական ներկայացուցչության գործադիր տնօրեն Անի Բաբումյանը: Նրա խոսքերով՝ ստարտափներ նախաձեռնողները պետք է ներկայացնեն իրենց լուծումները` հայրենադարձության գործընթացը հեշտացնելու եւ արագացնելու համար:

Առաջին փուլում կընտրվեն մինչեւ 10 ստարտափներ, նրանք կհրավիրվեն երկօրյա bootcamp-ի, որի շրջանակներում մասնակիցները կներկայացնեն իրենց գաղափարները: Bootcamp-ի արդյունքների հիման վրա կընտրվեն 4 ստարտափներ, որոնք կանցնեն երկրորդ փուլ՝ իրենց գաղափարը զարգացնելու համար ստանալով ֆինանսական աջակցություն: «Սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում մենք աջակցություն կցուցաբերենք նշված 4 ստարտափների գաղափարների առաջխաղացման համար: Մենք նրանց կտրամադրենք տարածք, անհրաժեշտության դեպքում կկազմակերպենք սեմինարներ եւ խորհրդատվություն մասնագետների հետ»,- ասաց Բաբումյանը:

Դրանից հետո, արդեն նոյեմբերին, ընտրված 4 մասնակիցները կներկայացնեն իրենց արդեն ավարտված գաղափարները, որոնցից Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը կընտրի 1-2 լուծում: Լուծումների հեղինակները կստանան լրացուցիչ ֆինանսավորում՝ 2021 թվականին գաղափարը կյանքի կոչելու համար, նշեց նա: Բաբումյանը տեղեկացրեց, որ բոլոր ստարտափները, ներառյալ նրանք, որոնք գտնվում են Հայաստանից դուրս, կարող են մասնակցել ծրագրին։ Ծրագրին մասնակցելու համար Հայաստանում ֆիզիկական ներկայություն չի պահանջվում, ամբողջ գործընթացը կկազմակերպվի առցանց:

Իր հերթին, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը նշեց, որ ինովացիոն տեխնոլոգիաները հաճախ հեռու են ՀՀ պետական կառավարման համակարգից: «Այդ պատճառով ներկայացված Impact Hub ծրագիրը շատ է ուրախացնում: Ծրագրի գաղափարը հայրենադարձության հիմնախնդիրների լուծման մոտեցումն է այլ տեսանկյունից, որպեսզի դուրս գա պետական համակարգի մտածելակերպից, եւ խնդրին նայենք ստարտափներ նախաձեռնողների միջոցով»,- ասաց Անջարգոլյանը: Նա ընդգծեց, որ հայրենադարձությունը Հայաստանի կարեւոր խնդիրն ու նպատակն է:

Սակայն հաճախ հայրենադարձների մոտ ծագում են տարբեր հարցեր եւ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն մինչեւ պատմական հայրենիք նրանց վերադառնալը, եւ արդեն այստեղ՝ Հայաստանում «մեր գրասենյակը հնարավորինս փորձում է լուծել բոլոր ծագած խնդիրները եւ հարցերը, սակայն այս աշխատանքում ինովացիեն տեխնոլոգիաների ներգրավումը, հնարավոր է, օրինակ, որեւէ հավելվածի կամ որեւէ այլ բանի ստեղծումը կարող է շատ հետաքրքիր արդյունքներ ապահովել», համոզված է նա: