ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրվել Գեւորգ Մուրադյանը, որի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, խորհրդի անդամ Խաչիկ Աբաջյանը՝ հանդես գալով ելույթով:

Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը:

ՀԽ նախագահի պաշտոնում ԵՊՀ ՈԻԽ նախագահ Դավիթ Ափոյանն առաջադրեց ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի, իսկ ԵՊՀ կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի թեկնածությունը: Սակայն վերջիններս հրաժարվեցին իրենց թեկնածություններից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջադրեց «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գեւորգ Մուրադյանի թեկնածությունը:

Նախքան քվեարկությունը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, խորհրդի անդամ Խաչիկ Աբաջյանը հանդես եկավ ելույթով՝ բացասական գնահատելով Գեւորգ Մուրադյանի նախորդ պաշտոնավարման ընթացքը:

Նա մասնավորապես նշեց. «2019 թ. հունվարի 22-ին տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստում, երբ Գեւորգ Մուրադյանն ընտրվեց խորհրդի նախագահ, նա խոստացավ, որ շարունակական հանդիպումներ է ունենալու ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ խնդիրների բարձրաձայնման եւ քննարկման նպատակով, ինչպես նաեւ մեջբերում եմ. «մի բան, որ կարող եմ խոստանալ. իմ բոլոր գործողություններն ուղղված են լինելու Երեւանի պետական համալսարանի շահին»: Ավելի քան մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում որեւէ հանդիպում, քննարկման ձեւաչափ ընդհանրապես տեղի չունեցավ:

Նույն նիստում դրական գնահատվեց ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հաշվետվությունը, որը Գեւորգ Մուրադյանի առաջարկով ընդունվեց որպես բավարար եւ հաստատվեց: Մոտավորապես մեկ ամիս անց՝ փետրվարի 28-ին, անհասկանալի հանգամանքներում նրա նախաձեռնությամբ գումարվեց նոր նիստ՝ Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի քննարկման համար: Որեւէ խելամիտ հիմնավորում տվյալ նիստի համար չներկայացվեց, հիմնական թեզը նիստի գումարման փաստաթղթերին ծանոթանալու ժամանակի սղությունն էր, եւ դա էր պատճառը, որ նախորդ նիստին անվստահություն չէին հայտնել գործող ռեկտորին: Սա միանգամայն ոչ համոզիչ եւ հիմնազուրկ փաստարկ էր, որն ապացուցում է, որ այդ քայլը որեւէ կերպ ԵՊՀ շահերից չէր բխում, ուստի ամրագրվեց օրակարգի չհաստատմամբ եւ նիստի չեղարկմամբ:

2019 թ. մայիսի 30-ին տեղի ունեցած նիստում, երբ քննարկվում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը, պարոն Մուրադյանը նշում էր. «խոսքն ընդամենը մի քանի ամիս կառավարչական գործառույթների մասին է, որով պետք է օպերատիվ կառավարում կատարվի, մինչեւ որ մենք կգանք փաստացի ռեկտորի ընտրության»: Եթե կառավարչական ոլորտի իմ գիտելիքներն ինձ չեն դավաճանում, մի քանի ամիս օպերատիվ կառավարում ասելով՝ ամենեւին չէինք հասկանում 1 տարի երեք ամիս առանց որեւէ ծրագրի, առանց որեւէ պլանի, առանց որեւէ տեսլականի, առանց որեւէ չափելի արդյունքների ԵՊՀ-ի կառավարում: Ինձ համար շատ տարօրինակ էր ռեկտորի ընտրության ձգձգումը, որի ամբողջ պատասխանատվությունը, ըստ իս, կրել է Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը, որը փաստացիորեն նպաստել է ԵՊՀ-ում լարված եւ անկայուն իրավիճակի խորացմանը՝ կրկին հակասելով իր խոստմանը. գործողությունները ծառայեցնել միայն ու միայն ԵՊՀ-ի շահերին:

2019 թ. հունիսի 29-ի նիստում պարոն Մուրադյանն իր լիազորությունների ակնհայտ չարաշահմամբ միեւնույն հարցը տարբեր ձեւակերպումներով դնում էր քվեարկության, որը երեք անգամ անընդմեջ մերժվեց: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ԵՊՀ-ի շահերին ծառայելու գործողությունները փոխարինվել են անձնական ցանկությունները բավարարելու կամ այլ կուլիսային պայմանավորվածությունների բավարարմանն ուղղված գործողություններով: Ի դեպ, դրա արդյունքում հերթական դատական հայցն ունեցանք ընդդեմ ԵՊՀ-ի՝ լիազորությունների չարաշահման հիմքով:

Թվում էր, թե 2020 թ. մարտի 23-ին վերջապես կլուծվի ԵՊՀ-ի ռեկտոր ունենալու հարցը շուրջ մեկամյա անորոշ իրավիճակից հետո, սակայն ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելով պայմանավորված՝ Գեւորգ Մուրադյանը միանձնյա որոշում կայացրեց չեղարկել նիստը՝ քաջ գիտակցելով, որ օրեր անց՝ ապրիլի 1-ի դրությամբ, դադարեցվելու են Հոգաբարձուների խորհրդի լիազորությունները, եւ հարցը մտնելու է փակուղի: Ընդ որում, ցանկանում եմ շեշտել, որ նիստի չեղարկումը չպետք է լիներ միանձնյա որոշում եւ պետք է քննարկվեր Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամների հետ՝ ընդհուպ հարցման կարգով կամ առցանց նիստի ընթացքում: Սա եւս շատ տարօրինակ եւ անհասկանալի չեղարկում էր, որը փաստացիորեն հինգ ամիս եւս երկարացրեց ԵՊՀ-ում տիրող անորոշ եւ լարված իրավիճակը: Կարեւոր եմ համարում նշել նաեւ, որ այս ամիսների ընթացքում ինչպես պետական կառավարման տարբեր մարմիններ, այնպես էլ ԵՊՀ գիտական խորհուրդը պարբերաբար գումարել են նիստեր թե՛ դեմ առ դեմ հանդիպման, թե՛ առցանց քննարկումների եւ թե՛ հարցման կարգով նիստերի միջոցով, որը հստակ ամրագրմամբ թույլատրվում է նաեւ մեր կանոնադրությամբ:

Ես կարծում եմ, որ մեկ տարուց ավելի պաշտոնավարած Գեւորգ Մուրադյանը, որի պաշտոնավարման ընթացքում մենք որեւէ հաջողություն, որեւէ առաջընթաց, որեւէ փոփոխություն չենք արձանագրել, չպետք է հավակնի Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնին, քանի որ իրեն վստահված պաշտոնը ձախողել է:

Հարգելի՛ գործընկերներ, լիահույս եմ, որ հաշվի կառնեք այս եւ մի շարք այլ հանգամանքներ քվեարկելուց առաջ, եւ մեր բոլորի քվեարկությունն այս անգամ իրոք կբխի ԵՊՀ-ի շահերից, եւ հետագայում որեւէ մեկը կարիք չի ունենա մեջբերելու մեր կատարած քայլերը, խոսքերը, որոնք հակասական կլինեն ժամանակի իրողությունների մեջ»:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների 18 կողմ ձայներով Գեւորգ Մուրադյանը վերընտրվեց ՀԽ նախագահ: