Նախագահի պաշտոնում վերընտրվելու Դոնալդ Թրամփի հնարավորությունները նույնն են, ինչ 2016-ին էին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգային հարաբերությունների փորձագետ Սուրեն Սարգսյանը:
«Եթե նայեք հասարակական տրամադրություններին եւ թվերին, որոնք հրապարակվում են, դրանք ցույց են տալիս Ջո Բայդենի առաջնորդությունը: Նույն պատկերը եղել է նաեւ 2016-ին, երբ Թրամփը պայքարում էր Քլինթոնի դեմ (այն ժամանակ դեռ պետքարտուղար - խմբ.), որի հնարավորությունները 50-60%-ով ավելի բարձր էին գնահատվում, սակայն վերջնական արդյունքը լրիվ անսպասելի էր: Հետեւաբար, թվերն առայժմ քիչ բան են նշանակում»,- նշեց նա:
Նրա խոսքերով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում գործող նախագահը ուշադրությունը կկենտրոնացնի հիմնականում այն նվաճումների վրա, որոնք արձանագրվել են համավարակից առաջ ընկած ժամանակահատվածում, հատկապես՝ տնտեսական ոլորտում: «Դրանց թվին կարելի է դասել գործազրկության մակարդակի անկումը, տնտեսական աճը եւ ֆինանսական շուկաներում հաջողությունները: Միեւնույն ժամանակ, բոլոր թերություններն ու ձախողումները կբացատրվեն կորոնավիրուսով, եւ հարկ է նշել, որ դրանում օբյեկտիվություն կա»,- հավելեց Սարգսյանը:
Փորձագետի գնահատականով՝ Թրամփի թիմը շատ պրոֆեսիոնալ է աշխատում՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների բազմազանությունը՝ մարդկային ռեսուրսների եւ ընտրազանգվածի առումով:
«Առաջին հերթին շեշտը դրվում է ավետարանականների՝ որպես ամենամեծ կրոնական համայնքի ներկայացուցիչների վրա, ինչպես նաեւ միջին խավի ներկայացուցիչների վրա: Հատկապես ակտիվ աշխատանք է տարվում «հանրապետական» նահանգներում (որոնք ավանդաբար աջակցում են Հանրապետական կուսակցությանը - խմբ.)»,- եզրափակեց նա:





























