Խաշթառակում թոռներին ծեծելու գործով 57-ամյա մեղադրյալը սկզբում ընդունել է մեղքը, հետո չի ընդունել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեղադրյալի պաշտպան Արթուր Մելիքբեկյանը։

«Կարծում եմ՝ պապն էլ չի գիտակցում՝ ինչ է խոսում։ Վաղուց հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում, ծանր աստիճան ունի, մտավոր հետամնաց է»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են կալանավորման դեմ բողոք ներկայացնել, Մելիքբեկյանն ասաց. «Ոչ, չեմ պատրաստվում բողոքարկել, քանի որ պապիկը չի ցանկանում բողոքարկել։ Կալանավորել են, առաջիկայում պետք է միջնորդություն ներկայացվի դատարան՝ հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու համար»։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը, իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով եւ փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետեւանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել  կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ եւ անգիտակից վիճակում տեղափոխվել  «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Բացի այդ, 2020թ. օգոստոսի 14-ին,  16-ին նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս  թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինիս 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով եւ այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել   իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաեւ՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով եւ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)  2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է:

Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։