ԱՄՆ ռազմական ներկայությունը Ասիայում անհրաժեշտ է, քանի որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ մրցակցությունը ուժեղանում է: Այս մասին հայտարարել է Ֆիլիպինների արտգործնախարար Թեոդորո Լոչսինը:
«Մենք ուժի հավասարակշռության խնդիր ունենք»,- ANC News Channel-ին տված հարցազրույցում ասել է Լոչսինը: «Մեզ պետք է ԱՄՆ ներկայությունը Ասիայում»:
Նրա խոսքերով՝ Միացյալ Նահանգները շահագրգռված է տարածաշրջանում իր ռազմական ներկայությամբ, եւ Ֆիլիպինները «երբեք չի դադարել համագործակցել» անվտանգության հարցում վաղեմի դաշնակիցի հետ:
Հունիսին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն չեղարկել էր ԱՄՆ-ի հետ զորքերի տեղակայման մասին համաձայնագիրը դադարեցնելու իր որոշումը:
Երկու երկրները սերտ կապերը վերականգնել են 2000 թվականից` զորավարժությունների, հաճախակի այցերի եւ կոմունիստական ու մահմեդական ապստամբների դեմ պայքարի միջոցով:
Ֆիլիպինները բազմիցս իր բողոքն է արտահայտել Հարավչինական ծովում Չինաստանի գործողությունների դեմ: Վերջինը վերաբերում էր վիճելի ծովածոցում Չինաստանի կողմից ֆիլիպինցի ձկնորսներից սարքավորումների առգրավմանը:
«Ես շատ հաստատակամ էի՝ պաշտպանելու այն, ինչը մերն էր: Ես շատ հաստատակամ էի, որպեսզի երբեք ծնկի չգամ Չինաստանի առաջ»,- ասել է Լոչսինը:





























