Թուրքական իշխանությունները Ստամբուլում անձնագիր են տրամադրել ՀԱՄԱՍ-ի տասը անդամների, ասել է իսրայելցի բարձրաստիճան դիվանագետը՝ դա անվանելով «ոչ բարեկամական քայլ», հայտնում է Reuters-ը:
Խոսելով ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ Թուրքիայի նախագահի հանդիպումից մի քանի օր հետո՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոյ Գիլադը ասել է, որ Իսրայելն անցյալ տարի Թուրքիային արդեն հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը Ստամբուլում «ահաբեկչական գործունեություն» է իրականացնում, սակայն Թուրքիան որեւէ գործողություն չի ձեռնարկել:
Նրա խոսքերով՝ Իսրայելն ապացույցներ ունի, որ Թուրքիան անձնագրեր եւ նույնականացման քարտեր է տրամադրում ՀԱՄԱՍ-ի անդամներին: «Ոմանք գործընթացի մեջ են, ոմանք արդեն ստացել են (փաստաթղթեր), բայց խոսքը տասի մասին է,- ասել է նա,-Մենք արդեն ունենք մեկ փաստաթուղթ, որի պատճենը կներկայացնենք կառավարությանը»: «Ելնելով մեր վերջին փորձից, երբ մենք կառավարությանը ներկայացրեցինք լավ հիմնավորված պորտֆոլիո... եւ պատասխան չստացանք, պետք է ասեմ, որ ես մեծ հույսեր չունեմ, որ այս անգամ ինչ-որ բան կարվի»:
Անցած շաբաթ օրը Էրդողանը այս տարի երկրորդ անգամ Ստամբուլում ընդունել է ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիային եւ այլ պաշտոնատար անձանց՝ վրդովմունք առաջացնելով Վաշինգտոնում, որն այդ մարդկանցից մեկին կապում է ահաբեկչական հարձակումների, ինքնաթիռների եւ մարդկանց առեւանգման հետ: Անկարան հայտարարել է, որ հերքում է ԱՄՆ-ի քննադատությունը:
Գիլադն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի այն անդամները, որոնք թուրքական փաստաթղթեր են ստացել, Ստամբուլից ահաբեկչություն են ֆինանսավորել եւ կազմակերպել, ինչը Թուրքիան նախկինում մերժում էր:
Գիլադը նշել է, որ ներկա լարվածությունը բացառում է Անկարայի հետ ցանկացած համագործակցություն արեւելյան Միջերկրածովում, որտեղ Թուրքիան վիճարկում է Հունաստանի, Կիպրոսի եւ նրանց դաշնակիցների ծովային պահանջները:
Գիլադն ասել է, որ նույնիսկ եթե հարաբերությունները Թուրքիայի հետ բարելավվեն, Իսրայելը չի հրաժարվի «վերջին տասը տարվա ընթացքում այլ երկրների հետ իր կառուցած ռազմավարական դաշինքներից»: «Իսրայելը չի պատրաստվում ավտոբուսի տակ գցել Հունաստանին, Կիպրոսին կամ Եգիպտոսին»:





























