Համապետական այս ծնողական ժողովը մի քանի առումով է կարեւոր մեզ համար․ բացահայտելու այն խնդիրները, որ կան, նաեւ այն խնդիրների, որ ծառացել են հանրակրթության առջեւ եւ քննարկումների տեղիք են տալիս, հիմնականում՝ շահարկումների։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Այսօր մի շարք բացահայտումներ կանենք, որոնք լույս կսփռեն այդ կեղծիքների վրա», ասել է նա։

ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է, որ մարտի 13-ից մեր դպրոցները փակ են, եւ նախարարությունը կրթության շարունակականության համար ձեռնամուխ է եղել բարդ լուծումների, որոնք շատերը հավանության արժանացրին, եւ անցում է կատարվել   հեռավար կրթությանը։

«Եթե կրթության մեջ ընդհատւմներ են լինում, հետո դժվար է բացը լրացնել։ Ընդհատման դեպքում շատ դժվար լինում, շատ դժվար է գիտելիքը գիտելիքի վրա դնելու պրոցեսը։

Մեր ընդհանուր դիտարկումների արդյունքում, մենք տեսանք, որ ծնողները ցանկանում էին, որ դպրոցները բացվեին, մեր ցանկությունն էլ էր այդպիսին։ Հարցման արդյունքում պարզվեց, որ ծնողների 80 տոկոսը պատրաստ է դպրոցների բացվելու դեպքում երեխաներին տանել դպրոց։ Հիմա ավելի մեծ կլինի այդ տոկոսը, որովհետեւ կորոնավիրուսի թվերի նվազում ունենք, բայց մենք չպետք է այնպես անենք, որ այդ կորը նորից վեր թռչի եւ մենք ստիպված նորից փակենք դպրոցը, նորից անցնենք հեռավարի։ Եվ մեր խորին համոզումն է, որ եթե կանոնները պահպանենք, մենք չենք ունենա թվերի աճ, կտանք կրթություն։ Մենք չենք ուզում էս գործընթացներով վտանգել մեր քաղաքացիների առողջությունը, սովորողների եւ ոսուցիչների առողջությունը։ Մենք սահմանել ենք այն կանոնները, որոնք մշակել են պարետատունը եւ առողջապահության նախարարությունը։ Որոնք են այդ կանոնները՝ ախտահանում, սոցիալական հեռավորություն, դիմակների կրում։ Հիմա մենք տեսնում ենք, որ դիմակների հետ կապված կան անհանգստություններ, շահարկումներ․ մի անպատասխանատու պատգամավոր կա, որ ասում է՝ դիմակները շպրտեք, կարծես ինքն է պատասխան տալու մարդկանց հիվանդանալու եւ մահերի համար։  Այս կանոնների պահպանման դեպքում մենք 95 տոկոսով կանխարգելելու ենք վիրուսի տարածումը։ Ասում են՝ երեխաները չեն կարող երկար դիմակ կրել։ Մենք դասացուցակն այնպես ենք կազմել, որ երեխաները դպրոցում կարճ են մնալու, տարրական դպրոցում՝ 3 ժամ, միջին դասարաններում՝ 3-4 ժամ, բարձր դասարաններում՝ 5 ժամ։ Մենք առաջնորդվել ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով։ Լարված իրավիճակի թուլացմանը զուգահեռ՝ թուլանալու են նաեւ կանոնները, եւ ուղեցույցի ցուցումները կարող են փոխվել։ Մեզ համար տարօրինակ է որոշ ծնողների քամահրական վերաբերմունքը այդ հարցին, դա նույնն է, որ հենց պատերազմի թեժ պահին զինատեսակների քննարկում անցկացվի։ Ձեր այդ վերաբերմունքով կարող եք ստեղծել մի իրավիճակ, որ այս թվերը նորից սկսեն աճել։ Պետության պարտավորությունն է՝ դա թույլ չտալ, եւ մենք թույլ չենք տալու։ Եվ մենք ձեռք-ձեռքի տված, չէ, ձեռք-ձեռքի չի կարելի, ուս-ուսի տված էլ չի կարելի, մենք միասին, մեկս մյուսին օգնելով կարող ենք առաջ գնալ։ Եթե պատերազմի ժամանակ մի գունդ թողնի գնա, դա խնդիր կառաջացնի մյուսների համար։ Տարօրինակ են այն պնդումները, թե երեխաներին փորձադաշտ եք տարել, բոլոր երեխաներն էլ մերն են, մենք ուզում ենք ապահովել նրանց կրթությունն ու առողջությունը։ Մենք շահարկումներ թույլ չենք տա։ Դպրոցներում էդ կանոնները պահելու ենք։ Ձեզանից պահանջվելու են մի շարք ջանքեր, որ ծնողները համագործակցեն ուսուցիչների հետ, որովհետեւ համագործակցության դեպքում մենք ունենում ենք շատ լավ արդյունք։ Երեխաներն էլ պետք է վարժվեն զգույշ լինել շփումներում։ Երբ մեր երեխաներին ասում եմ՝ եկեք համբուրեմ, նրանք ասում են՝ ոչ, կորոնավիրուս է, կանցնի՝ կհամբուրես։ Խնդրում եմ՝ հետեւեք ձեր երեխաների անձնական իրերին, եթե կան՝ ախտահանեք, հետեւեք, որ իրար չփոխանցեն գրիչ ու մատիտ։ Առավոտյան ջերմաչափեք երեխաներին, եթե բարձր լինի՝ չտանեք դպրոց։ Դպրոցում էլ անպայման ջերմաչափելու են, եթե բարձր լինի, միջոցներ կձեռնարկեն։ Մենք տարանջատել ենք առաջին դասարանցիներին, որպեսզի հեշտ լինի, պետք է խնդրենք, որ մի հոգի ուղեկցի նրանց, որ լրացուցիչ առողջական խնդիրներ չստեղծվեն։ Ընդմիջումները լինելու են դասարանում։ Ես այսօր մի շարք մարզերի տնօրենների հետ խոսել եմ, հորդորել, որ այս կանոնները տեսակապով բացատրեն աշակերտներին», ասել է Արայիկ Հարությունյանը։ 

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նույն եթերում պարզաբանել է, որ թյուրըմբռնում կա տետրեր չօգտագործելու հետ կապված, տետրերն օգտագործվելու են, բայց գրավոր աշխատանքները, որոնք հանձնվելու են ուսուցչին՝ պետք է լինեն թերթիկների վրա։ Փոխնախարարը նաեւ ասել է, որ դպրոցներում թեստավորումն իրականացվելու է առողջապահության նախարարության միջոցներով։