Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Արեւելյան Միջերկրածովյան իրադարձությունները, հայտնում է Kathimerini-ն։

Միցոտակիսը հեռախոսային զրույցի ժամանակ բարձրացրել է Թուրքիայի ապակայունացնող գործողությունների հարցը, որոնք սպառնալիքի տակ են դնում տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը եւ փորձության են ենթարկում ՆԱՏՕ-ի համախմբվածությունը։

«Հունաստանը պատրաստ է զգալի ավանդ ունենալ ապաէսկալացման մեջ՝ պայմանով, որ Թուրքիան անհապաղ կդադարեցնի բոլոր սադրիչ գործողությունները»,- ասել է Միցոտակիսը Թրամփին։

ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի գործերով բարձրաստիճան պաշտոնյա Ֆիլ Ռիքերը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները տարածաշրջանում խափանում են ՆԱՏՕ-ի միասնությունը, հայտնել է պարբերականը՝ վկայակոչելով Ամերիկյան հունական ինստիտուտին (AHI) հղած Ռիքերի նամակը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն երկխոսության կոչ էր արել Արեւելյան Միջերկրածովյան շրջանում լարվածության թուլացման համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին խոստացել էր, որ Թուրքիան տարածաշրջանում «զիջումների չի գնա», եւ Անկարան լի է վճռականությամբ անելու անհրաժեշտ ամեն ինչ Սեւ, Էգեյան եւ Միջերկրական ծովերում «իր իրավունքների» ապահովման համար։ Թուրքիայի նախագահը նաեւ Հունաստանին կոչ էր արել «խուսափել սխալներից, որոնք կարող են կործանման բերել»։